Բացել լրահոսը Փակել լրահոսը
16068971951985
A A
Պաշտոնական

Հանդիպման առանցքում էր Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի հարցը

Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։

Հանդիպման առանցքում էին Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցը: Այս առնչությամբ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը նշված առաջնային խնդիրներին հրատապ և լիարժեք լուծում տալու գործում:

ՀՀ ԱԳ նախարարն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վրա:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժաի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բկաչությանը հրատապ օգնության: Արա Այվազյանը բարձր գնահատեց այս ուղղությամբ գործադրվող ԿԽՄԿ ջանքերը և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել՝ հումանիտար արձագանքումն առավել արդյունավետ դարձնելու համար: