Բացել լրահոսը Փակել լրահոսը
128549610_1727073617455171_8374641032496287670_o
A A
Պաշտոնական

Պատերազմում մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյբուքի իր էջում գրում է.

««Մերօրյա հերոսները». Բաբկեն Բազունց

Հավերժ փառք և խոնարհում քեզ Բաբկեն ջան!!!

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում՝ առաջնագծի հարավային ուղղությամբ, մասնագիտական պարտքը կատարելիս, զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը:

Բաբկեն Բազունցը ծնվել է 1995թ., Գորիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընտրել բժշկի մասնագիտությունը՝ ընդունվելով Երևանի պետական բժշկական համալսարան:

Համակուրսեցիներն ու դասախոսական կազմը ցավով կիսում են սիրելի ընկերոջ և ուսանողի կորստյան վիշտը:

Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանը տարիներ առաջ դասավանդել է Բաբկեն Բազունցին: Դասախոսը վաղուց գործընկեր է համարել նախկին ուսանողին։ Հայարփի Սահակյանը նշում է՝ նրա մեջ էր տեսնում մեր երկրի առողջապահության ոլորտի առողջացումը:
«Կորցրինք պրոֆեսիոնալ մասնագետի, խելացի, մտածող, վերլուծող, ըմբոստ անհատի», -ասում է ԵՊԲՀ դասախոսը՝ հավելելով, որ պատերազմը բոլորիս սրտերին ու հոգիներին շատ ծանր հետք է թողել։

Նշենք, որ ԵՊԲՀ սովորողը Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բժիշկ Բաբկեն Հարությունի Բազունցի ծոռն է։

Հավերժ փառք և խոնարհում բոլոր զոհված տղաներին...»: