Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մտավորականներն իրենց ձայնը միացնում են ծնողների ձայնին․ ՌԴ դեսպանատնից կպատասխանեն այսօր (տեսանյութ)

Այսօր մտավորակաները «Մոսկվա» կինոթատրոնից երթով շարժվեցին  դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, նամակ  հանձնեցին՝ խնդրելով օգտագործել  իրենց ազդեցությունն ամբողջությամբ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների դիերը:

Հիշեցնենք, որ նրանք երեկ նույն տեղից երթով  գնացել էին նաև Ռուսաստանի դեսպանատուն, որտեղից, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանի խոսքով, պատասխան ակնկալում են այսօր երեկոյան։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ասում է՝   հաջորդը լինելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ,  հետո՝ ՀՀ կառավարությունը։

Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն պնդումներին, թե իրենց ապաքաղաքական ակցիան որևէ արդյունք չի տալու:

«Էս հարցից երեկ կատաղել եմ, կարող եմ մի հատ էլ հիմա կատաղել: Ի՞նչ արդյունք եք ուզում, երկու կիլո պեչենի՞, որ հանեն մեզ տան: Այն, ինչը որ պետք է արդյունք տա, կատարվում է, ոչ իշխանության կողմից: Կատարվում ա ինքը։ Սա մեր ձայնն է, որը միացնում ենք այն ծնողների ձայնին, որոնք չեն կարողանում իրենց գերի  երեխաներին հետ բերել: Սա քաղաքացիական ակցիա է, ոչ թե քաղաքական։ Սա մենք անում ենք, որ ցույց տանք, որ տներում նստած չենք ու կաֆեներում կապուչինո չենք խմում:Մենք էլ ենք բարձրացնում մեր ձայնը, մենք էլ ենք պահանջում։ Սա արտաքին մասն է, իսկ ստորին մասում աշխատանք է տարվում:Չգիտեմ կստացվի, թե չէ, բայց աշխատանք տարվում է։ Այս ակցիայի արդյունքում այնպես չէ, որ դեսպանատան դարպասները պետք է բացվեն ու մեզ երկու հոգի մարդ տան»,- ասաց նա:

Հրանտ Թոխատյանի խոսքով՝ այսօր շատ հրատապ հարցեր կան երկրի առջև, բայց  մեր զինվորների հարցը այսօր ևս շատ հրատապ է, իսկ  քաղաքական հարցերով կզբաղվեն վաղը․ «Գոնե այս հարթակում մենք չենք ուզում բարձրացնել քաղաքական որևիցե հարց, կգնա՞, կմնա՞ իշխանությունը , կփոխվի՞ էս կամ էն անհատը,  նշանակություն չունի այսօր, այդ հարցով կզբաղվեն վաղը, իսկ այսօր հրատապ է մեր զինվորների հարցը,  րոպե առաջ պետք է զբաղվենք և վերադարձնենք մեր տղաներին։ Բոլոր մարդիկ, որոնք փորձում են վատաբանել այս հավաքը, սրա տակ գտնել ինչ-որ հոսանքներ, պոզեր, մնում է միայն երդվել, որ ոչ,  այս հարցն այսօր հրատապ է»,- իր խոսքում նշեց դերասանը։

Նրա կարծիքով՝ տարբեր կառույցներին ուղղված իրենց նամակները կարող են արդյունք տալ, եթե աշխարհով մեկ հնչի բոլորիս ձայնը․«Այսօր մենք մեր քայլերը փորձում ենք համապատասխանեցնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ, որպեսզի հանկարծ մի բան չանենք, որը կարող է աշխատել ի վնաս մեր տղաների»,- ասաց նա։

Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը մտավորականներին խոստացավ, որ հենց այսօր նամակը կհանձնի դեսպանին․ «Խնդրեցինք, որ ակնկալում ենք պատասխան նամակին ընթացք տալու համար։ Այսօրվա մեր անելիքը սա էր, կհանդիպենք վաղը ժամը 13։00-ին ԱՄՆ դեսպանատան մոտ»,- եզրափակեց Հրանտ Թոխատյանը։

Հրանտ Թոխատյանից տեղեկանում ենք, որ իրենք իրենց նամակների օրինակները հանձնում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչի գրասենյակ։ Նրա խոսքով՝  հետագա անելիքը պատրաստվում են համապատասխանեցնել իրենց հետ, քանի որ առանց իրենց խորհրդի որևէ բան անելը կարող է վնասել գործընթացին։

Կառավարության կողմից մտավորականները դեռ արձագանք չեն ստացել։