Բացել լրահոսը Փակել լրահոսը
128697206_1726172854211914_1744808066907958593_n
A A
Պաշտոնական

Վահեն պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու մեկնել էր ռազմաճակատ՝ իր զինակից ընկերներին բժշկական օգնություն ցուցաբերելու

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

««Մերօրյա հերոսները». Վահե Մելիքսեթյան

Վահեն պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու մեկնել էր ռազմաճակատ՝ իր զինակից ընկերներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Հոկտեմբերի 8-ին՝ հերթական մարտի ժամանակ, անտեսելով վտանգը, նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց զոհվել էր թշնամու մահացու հարվածից:

ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանը դեղագիտական ֆակուլտետի լավագույն, խաստումնալից շրջանավարտներից էր: Նոյեմբերի 5-ին, նա կդառնար 32 տարեկան… Չնայած երիտասարդ տարիքին, հասցրել էր մասնագիտական բեղուն ճանապարհ անցնել։ 2012թ. գերազանցությամբ ավարտել էր օրդինատուրան՝ ստանալով կլինիկական դեղագետի որակավորում: Կլինիկական օրդինատուրայում ուսումնառության տարիներին վերապատրաստման նպատակով մեկնել էր Իտալիայի Կամերինոյի համալսարան:

Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանը Վահեի մասին առանձնակի ջերմությամբ է խոսում։ Պատմում է, որ Վահեի երազանքն էր Հայաստանում զարգացնել կլինիկական ֆարմացիան և այդ նպատակին հասնելու համար 2018 թվականին ընկերների հետ հիմնել էր «Կլինիկական դեղագիտության հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահը և համահիմնադիրն էր:
Կլինիկական օրդինատուրան գերազանցությամբ ավարտելուց հետո աշխատանքի անցել է ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնում և դասավանդել մինչև զորակոչվելը՝ 2018թ. դեկտեմբերը:

Վահե Մելիքսեթյանը, ամբիոնում դասավանդելուն զուգահեռ, զբաղվում էր նաև գիտական աշխատանքով և 2019 թ. պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։ Հեղինակ է տասից ավել գիտական հոդվածների, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում։

Ամբիոնի լավագույն դասախոսներից էր․ուսանողները միշտ հիացմունքով են խոսել Վահեի մասին նրա մասնագիտական բարձր որակավորման և բացառիկ մարդկային հատկանիշների շնորհիվ: Նա գերազանց տիրապետում էր 3 օտար լեզվի՝ ռուսերենի, անգլերենի և իտալերենի։

«Նա միշտ մասնակցում էր բարեգործական տարբեր միջոցառումների: Հատկապես վերջին տարիներին զբաղվում էր վազքով. մասնակցում էր գրեթե բոլոր բարեգործական մարաթոններին: Ամեն անգամ բարեգործական վազքի մրցույթին պատրաստվում էր ամենայն պատասխանատվությամբ: Շատ էր սիրում դաշնամուր նվագել, ուներ երաժշտական միջնակարգ կրթություն, սակայն կատարում էր բարդ ստեղծագործություններ։ Սիրում էր Արամ Խաչատրյանի, Ռիչարդ Կլայդերմանի և Իռումայի ստեղծագործությունները»,- նշում է Նարինե Միրզոյանը:

Նրա բնորոշմամբ՝ իրենց հրաշալի Վահեն ինչպես մասնագիտական ասպարեզում, այնպես էլ ամենուր, ամեն ինչ ձգտում էր հասցնել կատարյալի:

«Եզակի մտածելակերպի տեր մարդ էր, յուրահատուկ խելացի, գիտեր հարգել դիմացինին անկախ ամեն ինչից, բարի էր, նախաձեռնող և առանձնահատուկ պատասխանատու, աշխատասեր, չափազանց ընկերասեր և լուսավոր մտքի տեր: Մարդ, ով միշտ պատրաստակամ էր օգնության հասնել: Առանց տրտնջալու միշտ հաղթահարում էր բոլոր դժվարությունները և պայքարում արդարության համար»,- նկատում է ավագ գործընկերը:
Վահեն պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու մեկնել էր ռազմաճակատ՝ իր զինակից ընկերներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Զինակիցների խոսքով՝ անգամ մարտեր էր վարել, քաջալերել էր իր ընկերներին։ Պատերազմի ընթացքում վտանգելով իրեն՝ հերոսաբար փրկել էր մի քանի տասնյակ զինվորների: Հոկտեմբերի 8-ին՝ հերթական մարտի ժամանակ, անտեսելով վտանգը, նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց զոհվել էր թշնամու մահացու հարվածից:

Ամբիոնի աշխատակիցների խոսքով՝ Վահե հետ ապրած յուրաքանչյուր պահն անգին է. մերօրյա հերոսը միշտ կմնա նրանց հուշերում…

Նշենք, որ ՀՀ նախագահի հոկտեմբերի 16-ի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Սամվելի Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով»։