Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանը հանդիպել են

Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:

Մասիս Մայիլյանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին՝ կարևորելով հանրապետությունում կայունության ապահովման և մարդասիրական ոլորտում առկա բարդ խնդիրների լուծմանն ուղղված Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։

Նախարարները երկուստեք նշել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը: