Բացել լրահոսը Փակել լրահոսը
c3e835fe-ee8d-463e-8ee7-6eff30d41273_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Իրանը խոստանում է «վճռական պատժիչ» գործողություններ ընդդեմ Իսրայելի

Ամերիկայի ձայն

Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել Իրանի միջուկային հարցերով գիտնական Մոշեն Ֆախրիզադեի սպանության համար պատասխանատուների նկատմամբ ‘’վճռական պատիժ’’ իրականացնելու կոչով: Գիտնականի սպանությունն իրականացնելու մեջ Իրանի Հանրապետությունը մեղադրում է Իսրայելին:

Իրանը, որին կասկածում են մեկ տասնամյակ առաջ իրանցի մի քանի այլ գիտնականների սպանություններն իրականացնելու մեջ, դեռեւս հանդես չի եկել այս սպանության վերաբերյալ որեւէ մեկնաբանությամբ: Իրականացված հարձակումը խոսում է այն մասին, որ այն եղել է մանրամասնորեն ծրագրված, ռազմական հատուկ ոճի ծուղակ:

Իրանցի գիտնականի սպանության փաստը կարող է է՛լ ավելի սրել հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ մինչեւ նախագահ Դոնալդ Թրամփի ժամկետի ավարտը: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընը խոստացել է, որ իր վարչակազմը կարող է նորից միանալ Իրանի միջուկային հարցերով միջազգային գործարքին, որից ԱՄՆ-ը դուրս էր բերել Թրամփը:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, Ֆախրիզադեին ‘’երկրի ականավոր միջուկային գիտնական’’ անվանելով, հայտարարել է, թե իրենց կողմից պետք է ակնկալել ‘’վճռական պատժիչ գործողություններ այդ սպանությունը կազմակերպողների ու դրա հրամանը տվողների նկատմամբ’’:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին, որը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին, ասել է, թե Ֆախրիզադեի սպանությամբ Իրանի միջուկային ծրագիրը կանգ չի առնելու:

Իրանի միջուկային քաղաքացիական ծրագիրը շարունակում է իր փորձերը եւ այժմ կարողանում է ուրանը հարստացնել մինչեւ 4.5%-ի, ինչը դեռեւս շատ ցածր ցուցանիշ է միջուկային զենք արտադրելու համար: Նման զենքերի համար անհրաժեշտ է ուրանի 90%-ի հարստացում:

Գիտնականի սպանությունն իրականացվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող մի գյուղում, որը համարվում է երկրի ղեկավար անձանց հանգստյան գոտի: Ըստ Իրանի հեռուստատեսության, հին մի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում բեռնված փայտերի տակ եղել են պայթուցիկներ, պայթել է գիտնականի ավտոմեքենայի մոտ: Պայթյունից հետո ավտոմեքենայի ուղղությամբ հարձակում են իրականացրել առնվազն հինգ զինյալներ ու կրակահերթի տակ առել նրա ավտոմեքենան: Ֆախրիզադեն մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Հարձակման արդյունքում սպանվել է նաեւ նրա թիկնապահը:

Չնայած Իրանը պնդում է, որ Ֆախրիզադեի գործունեությունը եղել է խաղաղ նպատակներով գիտական աշխատանքը, ԱՄՆ-ն անցյալ տարի հրապարակել էր զեկույց այն մասին, որ նրա գործունեությունն ունեցել է նաեւ միջուկային զենք ստեղծելու նպատակ:

Իրանում սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի:

Պենտագոնը շաբաթ օրը հայտարարել է, թե իր USS Nimitz ավիակիրը նորից հետ է ուղարկում դեպի Մերձավոր Արեւելք: