Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Մեր անտարբերությունն է, որ եկել, հասել ենք այս աստիճանի»․ խմբագիրները Կիմ Բալայանին հորդորում են դադարեցնել հացադուլը (տեսանյութ)

Մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ այսօր Կառավարության մոտ էին եկել՝ հանդիպելու արդեն  6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին և մյուսներին։

Խմբագիրները նախ զրուցեցին հացադուլի մեջ գտնվող Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի հետ, վերջինիս հորդորեցին դադարեցնել հացադուլը, քանի որ առողջական խնդիրներ ունի և տարիքով ամենամեծն է։

«Արմնյուզ»-ից Լիկա Թումանյանը դիմելով Բալայանին, հորդորեց դադարեցնել հացադուլը՝ խոստանալով, որ կլինեն մարդիկ, ովքեր հերթափոխով կնստեն Կառավարության դիմաց և «գաղափարն անտեր չեն թոողնի»․

Ի պատասխան Կիմ Բալայանն ասաց. 

«Ամենալավ պատասխանը այդ հարցի տվել է մեծ եղբայրս. ասել է՝ ես չեմ ընդունում պայքարի էդ ձեւը, բայց եթե 73 տարեկան մարդը այդ որոշումը կայացրել է, ես իր որոշումը պետք է հարգեմ: Ես չեմ եկել հացադուլի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, ես եկել եմ ասելու, որ իրավապահ մարմինների ղեկավարները պարտավոր են իրենց ֆունկցիաները ճիշտ իրականացնել, այսօր նրանք պարտավոր էին քրգործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար: Որեւէ պաշտոնական արձագանք չկա: Գոնե ասեին՝ նյութեր ենք նախապատրաստում»:

Բալայանը հավելեց՝  դիմել է ՀՀ նախագահին,  որ նա էլ անգործություն չդրսեւորի․

«Թող միջազգային դատական հոգեբույժների հանձնաժողով կազմեն եւ փորձաքննության ենթարկեն այդ մարդուն: Ես կասկած չունեմ, որ ինքը առնվազն շիզոֆրենիայի երկու բանով տառապում է. մեկը մեծամոլական զառանցանքներն է, մեկը հետապնման մանիա: Ազգը փրելու այլ եղանակ ունե՞նք։ Հանգիստ ինքը կարող էր այդ հայտարարագրի մեջ մտցնել գերիների և դիակների փոխանակման ժամկետը, բայց դա չի արել»:

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը հավելեց, որ Բալայանն արդեն իր անելիքն ու քայլն արել է, պետք է այժմ այլ պայքարի ձև ընտրի։

Ի պատասխան ՍԴ նախկին անդամը ասաց, որ սրանով նաեւ իր մեղքն է քավում. 

«Ես այս երկրի քաղաքացի եմ, ո՞նց ենք հանդուրժել այս բոլորը: Մեր անտարբերությունն է, որ եկել հասել է այս աստիճանի»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարում է, որ հանրությունը չի աջակցում իր հրաժարականի պահանջին, Կիմ Բալայանն արձագանքեց, որ դա բացատրվում է նրանով, որ Փաշինյանը վիրտուալ դաշտում ավելի լավ է աշխատում, քան իրական կյանքում:

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ առաջին հերթին եկել էին որպես գործընկեր հանդիպելու Գեղամ Մանուկյանին, սակայն մոտեցել են նաև Կիմ Բալայանին, որպեսզի հորդորեն դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, սակայն պարոն Բալայանն անդրդրվելի է․

«Մեզ համար սպասելի էր և պարզ էր, որ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու։ Հիմա պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա կամ կհիշի, որ ինքն էլ է լրագրող եղել, ինչ-որ բանի դեմ պայքարել, ընդվզել, և այս բոլոր գործընկերները նրա կողքին են կանգնել՝ անկախ նրանից՝ որքանով են կիսել նրա գաղափարները։ Այնպես որ, Գեղամն էլ, մյուսներն էլ այս պահին չեն պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, ես համարում եմ, որ նրանք այս ծայրահեղ ճանապարհով փորձում են արթնացնել հասարակությանը, որովհետև ինչպես տեսնում ենք՝ դեռ գործընթացները շարունակվում են, և մենք օր-օրի արդեն Հայաստանից ենք մեծ կտորներ կորցնում»,- ասաց նա: