Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս գտնվող ուժերը, որ հրապարակում պահանջում են հրաժարական՝ հավասարապես դավաճաններ են․ (տեսանյութ)

Վերջին շրջանում բավականին երկար ժամանակ՝ պատերազմական և հետպատերազմական շրջանում, գտնվել եմ Արցախում , այնտեղ կա անորոշություն և չլուծված բազմաթիվ խնդիրներ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Եթե Ստեփանակերտ քաղաքում որոշակի տեղաշարժեր կան տեղական իշխանությունների կամ խաղաղապահ ուժերի միջամտության արդյունքում, ապա Ստեփանակերտից դուրս՝ Մարտակերտում, Մարտունիում, հարակից համայնքներում ամենատարրական կենցաղային պայմանները չկան, ես ոչ թե կասեի անիշխանություն է, որովհետև իշխանություն ընդհանրապես չի էլ եղել, եթե մենք խոսում ենք պետական կառավարման մարմինների մասին, եղել են պաշտոնյաներ, որոնք նախապատերազմյան ընթացքում զբաղված են եղել բյուջեն մսխելով, կազմաքանդելով բոլոր ինստիտուտները, հետպատերազմյան շրջանում նրանք ուղղակի չկան։ Այնտեղ կան անձինք, որոնք նախկինում ունեցել են պաշտոններ, այդ անձինք այսօր աշխատում են խաղաղապահ զորախմբի զինվորականների մոտ անհասկանալի կարգավիճակներով, բայց այսօր հասարակության մեծ մասը անորոշության մեջ է, ինչը տեսնում ենք նաև Հայաստանի ամբողջ տարածքում»։

Բանախոսն ասում է՝ այն, ինչ մենք չենք անում Արցախում, այսօր ամեն րոպե կատարում են խաղաղապահներն ու ադրբեջանցիները, մեր փոխարեն որոշում են մեր վաղվա օրը․

«Խոսքը և՛ սահմանների գծման աշխատանքների, և մարդասիրական օգնության մասին է՝ սկսած ամենատարրական կենցաղային հարցերից։ Ստեփանակերտից հեռու համայնքներից մեկում ռուսական խաղաղապահ օգնություն էր տեղ հասել՝ ապակիներ, համայնքի բնակիչները աշխարհի երջանիկն էին և աղ ու հացով էին դիմավորում իրենց համար ապակի տարած ռուս խաղաղապահին, ես ինձ շատ նվաստացած զգացի, որովհետև Արցախում կամ Հայաստանում չկար մի կառույց, որը այդ համայնքը ապակիով կապահովեր»։

Ինչ վերաբերում է ռազմական դրությունը չեղարկելու քաղաքական ուժերի պահանջին, Պապիկյանն ասում է՝ այն բոլոր ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում կամ հրապարակներում հրաժարականի պահանջ են ներկայացնում, այդ բոլոր ուժերը դավաճան ուժեր են, իսկ ռազմական դրության չեղարկումը որևէ բան չի տա․

«Խորհրադարանում գտնվող ուժերը և խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, որոնք ամենօրյա ռեժիմով պահանջում են հրաժարական, մասնավորաբար 17 –ի մասին է խոսքը, նրանք հավասարապես դավաճաններ են։ Կառավարող ուժից մինչև հրաժարական պահանջողները  սպասարկում են ռուսական իմպերիալիզմի կամ գաղութատիրության շահերը։ Ռազմական դրությունը վերացնել կամ չվերացնելով ոչինչ չի փոխվի, ընդամենը հնավորություն է լինելու հանրահավաքներ կամ բողոքի ալիքներ կազմակերպելու համար, արդյո՞ք այսօր չեն կազմակերպվում»։

Պապիկյանն ասում է՝ ռազմական դրությունը վերացնելուց հետո որևէ փաստական կամ իրավական հետևանք չենք զգալու․

«Այնքան են իրականությունից կտրվել օրեր շարունակ մամուլով, սոցցանցերով, հեռուստատեսությամբ խոսում են դրա մասին և պատուհանից դուրս չեն նայում տեսնեն, որ հայրենիքը դավաճանաբար տվել են թշնամուն կամ դարձրել են գաղութ»։

Պապիկյանն ասում է՝ նրանք ովքեր տարիներ շարունակ թալանել են պետությունն ու բանակը, այսօր ազգային համաձայնության կոչով են հանդես գալիս․

«Իրենք են հիմքերը դրել պետության թալանի, բանակի ողնաշարը ջարդելու, հիմա  առաջարկում են ազգային համաձայնության միջոցով գնանք, Նիկոլի հրաժարակա՞նի, ով շարունակել է իրենց գործը, իրենք հիմա ասում են՝ մենք հրեշտակներ ենք, մենք կփրկենք Հայաստանը։ Չէ՞ որ Հայաստանը կործանելու ֆունդամենտի քարերը դրել են իրենք, Նիկոլն ընդամենը ամբողջացրեց»։

Պապիկայնն ասում է՝ քանիդ դեռ Կրեմլին հարմար է՝ Նիկոլ Փաշինյանը կմնա, երբ Կրեմլը նպատակահարմար կգտնի Նիկոլ Փաշինյանին կփոպարինի մեկ այլ դրածոյով, ով ավելի լավ կկատարի իրենց պահանջները։