Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մարդը, որը տապալել է ներկան, չպետք է խոսի ապագայի մասին․ Նարինե Դիլբարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպմանը հնչեցին խիստ մտահոգող հանգամանքներ, որոնք տաբերվում էին պաշտոնական քարոզչությունից։ Այս մասին այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ միևնույն ժամանակ անհիմն համարելով արտախորհրդարանական ուժերի հասցեին հնչող մեղադրանքները, թե իրավիճակին տիրապետել են, սակայն լռել են։

Դիլբարյանի խոսքով՝ հոկտեմբերի 19-ից մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում դարձյալ կար մտահոգություն և դարձյալ նշվում էր Լավրովի պլանի մասին, այդ ժամանակ արտախորհրդարանական ուժերը խոսել են հրադադրարի անհրաժեշտության մասին․

«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը չխոսեց այն մասին, որ ընդամենը մի քանի օր առաջ մեր Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրենց ասել է, թե մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, և պատերազմը երկու-երեք օրից պետք է դադարեցնել, որովհետև մենք ստանալու ենք նվազ հայանպաստ իրավիճակ։ Մեր ավարտվող սպառազինության, դիրքերի խոցելիության, հարավի շրջանում կոմունիկացիոն լուրջ խնդիրների մասին խոսք չի եղել, միայն բայրաքթարների մասին հնչեց տագնապ»։

Դիլբարյանի խոսքով՝ արդեն հոկտեմբերի 19-ի հանդիպման ժամանակ խոսվել է, որ ծայրահեղ ծանր իրավիճակում ենք և Լավրովի պլանը պետք է իրականացվի․

«Այդ ժամանակ խոսվեց այն մասին, որ Ալիևը հավակնություններ ունի նաև Շուշիի հանդեպ, բայց չշեշտադրվեց, բոլորվին չասվեց այն մասին, որ պետք է համաձայնել, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան դեպի Շուշի։ Հնչեցին շատ մտահոգիչ մտքեր զինամթերքի և ռազմուժի բացակայության մասին»։

«Ժառանգություն» կուսակցության նախագահն ասում է՝ վարչապետի հետ հանդիպումից հետո եղել են նաև Արցախում, այնտեղ սպառազինության պակասի կամ որևէ բան հանձնելու տրամադրություն չի տեսել։

Նարինե Դիլբարյանն ասում է՝ այս իրավիճակում իշխանափոխության միակ տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են․

«Աթոռակռիվ չկա, կա աթոռապահություն, այս իրավիճակում երկրի կառավարումը ստանձնող անձը և նրա թիմը լինելու են չափազանց ծանր իրավիճակում»։

Իշխող ուժի հետ համախմբվելու վերաբերյալ մեր հարցադրմանն ի պատասխան Դիլբարյանն ասում է․

«Համախմբվել մի կառավարման թիմի հետ, որը ձախողե՞լ է ամեն ինչ։ Հիմա խոսք չի գնում Նիկոլ Փաշինյան անձի փոփոխության մասին։ Այն գաղափարաբանությունը, որով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այս ողջ ընթացքում ցույց տվեց իրականության հետ կապ չունենալը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած վեցամսյա ճանապարհային քարտեզին, Դիլբարյանն ասում է․

«Մարդը, որը տապալել է ներկան, չպետք է խոսի ապագայի մասին»։

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վանիկ Ալեքսանյանի խոսքով՝ այս իշխանություններն ամեն ինչ արել են հասարակության համախմբվածությունը տապալելու համար․

«Օր առաջ պետք է ունենալ այնպիսի կառավարման թիմ, որը հույս կներշնչի հայ ժողովրդին համախմբվելու, այս իշխանության շուրջ համախմբում երբեք չի լինելու։ Վերջին ջանքերը պետք է գործադրենք մեր ժողովրդին փրկելու համար, այս իշխանությունը կործանելու է այս երկիրը, այս ժողովրդին»։

«Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Գրիգորյանն էլ հավելում է՝ Նիկոլ Փաշինյանը իր ղեկավարած թիմով պարտվեց, և դա ամրագրվեց այս եռակողմ հայտարարությամբ։