Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ինչ է տեղի ունեցել Սոթքում. պարզաբանում է ԳՇ պետի տեղակալը (տեսանյութ)

 Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը քիչ առաջ հրավիրված հրատապ ասուլիսում անդրադարձավ Վարդենիսի տարածաշրջանում և հատկապես Սոթքում ստեղծված իրավիճակին։ Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության, հայկական զինված ուժերը և այդ տարածաշրջանի բնակչությունը նոյեմբերի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից դուրս եկած լինեին, որը և իրականացվել է։

Զորքերի հետ կապված աշխատանքները իրականացվել են նախապես պլանավորված բնույթով,-նշեց ԳՇ պետի տեղակալը, հավելելով, որ ամեն ինչ իրականացվել է ճշգրիտ և պլանավորված։

Ինչ վերաբերում է Սոթքի հանքի շուրջ այսօր տարածված հայտարարություններին , պնդումներին, թե ադրբեջանական կողմից հանքի աշխատողներին ժամանակ է տրվել տարածքը լքելու համար, Խաչատրյանն ասում է, որ այդպիսի հարցեր չեն առաջացել , նմանատիպ իրավիճակ չի եղել։

ԳՇ պետի տեղակալը քարտեզի վրա ցույց տվեց Սոթքի ոսկու հանքը, պետական սահմանի տեղաբաշխումը, ապա հավելեց, որ ոսկու հանքի և ընդհանրապես տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար։ Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապտվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ։

Մեր զինված ուժերը մասնակցություն չեն ունեցել, աշխատանքները կատարվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ և ուժերով,- ասում է ԳՇ պետի տեղակալը։

Նրա խոսքով' ադրբեջանական զորքերը մուտք են գործել Քարվաճառի տարածք, հանդիպել են այդ ուղեփակոցներին և խնդիր են բարձրացրել, որ այդ տարածքը իրենցն է և այն ուժերը, որոնք իրականացնում են այդ տարածքի պահպանությունը պետք է դուրս գան, ընդ որում բարձրախոսով կապի են դուրս եկել մեր զինվորականների հետ, ովքեր ասել են, թե ում կողմից է տարածքը հսկվում, միևնույն ժամանակ խնդրի մասին տեղյակ է պահվել ռուսական կողմին, կողմերի միջև երկար բանակցություններ են եղել և այդ անվտանգության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել, իսկ այդ անցակետը կապամոնտաժվի։ Տարածքում մեր զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը նախկինում գոյություն ունեցած պետական սահմանի եզրագծով, նշեց բանախոսը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե թշնամն ջարդել է Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասը և առաջ եկել, ԳՇ պետի տեղակալն ասում է' չի տեսել դարպասը կոտրել են, թե բացել, բայց իր ունեցած ինֆորմացիայով չեն կոտրել, այլ բացել են։

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ ընկնելու է մեր, կիսով չափ հակառակորդի տարածքում, - նշեց ԳՇ պետի տեղակալը հավելելով, որ հանքի շահագործումն իրականացնելու է հանքի տերը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ տարածքում հսկողություն իրականացնելո՞ւ են կամ իրականացնո՞ւմ են խաղաղապահները, Խաչատրյանն արձագանքեց, որ հիմա չկան և որևէ փաստաթղթով ամրագրված չէ, որ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնելու հայ-ադրբեջանական պետական սահմանին։