Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեղամ
A A
Քաղաքականություն

Հանրությունը միայն միտինգի եկածը չէ, այն ավելի բազմաշերտ է․ Գեղամ Մանուկյանն արձագանքում է Փաշինյանին

«Սա հանրային պահանջ է»,- ասում է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը   Կառավարության շենքի դիմաց  երեք օր է  հացադուլ է անում՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Դրա վկայություններն են,  ըստ նրա,  ԳԱԱ-ի, ԵՊՀ գիտխորհրդի, անհատ քաղաքացիների, տարբեր կազմակերպությունների, սփյուռքի կառույցների հայտարարությունները։  

Երեկ ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը տեսակետ էր հայտնել, որ իր հրաժարականի վերաբերյալ՝  ընդդիմության կոչերը լայն տարածում չեն գտել հայ հանրության շրջանում։

 Մանուկյանը մեկնաբանում է՝ Փաշինյանը, հանրություն ասելով,  հաշվում է, թե միտինգին մասնակցող  քանի մարդ կա, մինչդեռ  հանրությունը միայն փողոց դուրս եկածները չեն․

«Հանրությունը շատ ավելի բազմաշերտ է, բազմատեսակ, բազմասոցիալական հարթակի վրա է, ԳԱԱ-ի ամբողջ գիտական վերնախավը հանրություն չէ՞։ Գիտխորհուրդը քաղաքական կուսակցություն չէ, քաղաքական գործիչ չէ, շատ ավելի արժեքավոր է»։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր այցելել է հացադուլավորներին, ծանոթացել իրավիճակին։ Նա նշում է, որ դեմ է ծայրահեղ մեթոդներին, մասնավորապես՝ անժամկետ հացադուլին․ «Միգուցե բողոքի ձևը հասանելի է դառնում, սակայն սա ուժգին հարված է հասցնում մարդու առողջությանը»։

Նշենք, որ Գեղամ Մանուկյանի եւ Գարիկ Ավետիսյանի բողոքին միացել են  ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը եւ 2008թ  զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը։

Հացադուլավորներից Գարիկ Ավետիսյանը  ասել էր, որ  հացադուլը հանրությանը փողոցում համախմբելու՝ պայքարի տարբերակներից մեկն է,  Լարիսա Ալավերդյանը մեկնաբանում է ՝  կա միտինգային ալիք, որը «ժամանակի ինչ-որ ընթացքում իջնում է, պետք է նոր մի «ստիմուլ» այդ ալիքը սկսելու համար, հացադուլը չէ, որ դրան կդրդի, սակայն մեղադրանքների հնչեցումը կարող է բերել հանրության ավելի հստակ կողմնորոշման»։

Ի դեպ, Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ  այսօր կրկին այցելել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, խորհուրդ տվել դադարեցնել հացադուլը, սակայն նա պատասխանել է, որ չի դադարեցնի։