Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կյանքը ռազմական դրության ընթացքում այլևս դառնում է անտանելի, պետք է հանել այն․Մարուքյան (տեսանյութ)

Ռազմական դրությունը չհանելու որևէ հիմնավորում իշխանությունը այլևս չունի։ Այս համոզմանն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․

«Ես ինքս հարգել եմ Գլխավոր շտաբի պետի հորդորը 7 օր չնախաձեռնելու ռազմական դրությունը չեղարկելու գործընթաց, ավելին՝ այդ ժամանակ քննադատության եմ արժանացել»։

Մարուքյանն ասում է՝ բազմաթիվ ահազանգեր ունեն, որ մոբիլիզացված քաղաքացիական անձինք զորամասերում են, բայց որևէ բան չեն անում

«Ասում են՝ պետության հացն ենք ուտում, բայց ոչ մի բան չենք անում, ասեք մեզ զորացրեն, գնանք աշխատենք, տնտեսությունը խայտառակ վիճակում է»։

Մարուքյանը պնդում է նաև՝ սահմանը չեն կարողանում հատել երկքաղաքացիություն ունեցող անձինք, կան տնտեսական լուրջ խնդիրներ, բայց առանց հիմնավորման ռազմական դրությունը պահվում է․

«Մեզ զինծառայողների, քաղաքացիական անձանց հարազատները գրում են, որ սմենափոխ պետք է արվի, բայց դա էլ չի արվում»։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նոր պատերազմի վտանգ չի տեսնում, ասում է՝ պատերազմը դադարել է, և ռուսական խաղաղապահ ուժերը դարձել են անվտանգության երաշխավոր։

Մարուքյանն ասաց՝ չունեն, որևէ զեկույց, հիմնավորում, որ ռազմական դրությունը պետք է պահվի, ավելին՝ երեկ Գլխավոր շտաբի գեներալ-մայորը ասաց, որ կարող է հանվել։

«Կյանքը ռազմական դրության ընթացքում այլևս դառնում է անտանելի, և պետք է հանել այն»,-պնդեց Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև նորանշանակ արտգործնախարարի հայտարարությանը, թե մենք պարտվել ենք  ռազմի դաշտում, ոչ թե դիվանագիտության․

«Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը պարտվում է, ես ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չունեմ»։

Մարուքյանը պնդեց իրենց մոտեցումը, թե երկրում ինքիշխանություն է, և մեր երկրին պետք է վստահելի կառավարություն․

«Քաշաթացղի բնակիչները տոտալ անորոշության մեջ են և չգիտեն՝ իրենք պիտի ապրեն այդտեղ, թե ոչ։ Տարբեր ասեկոսեների և բամբասանքների տիրույթում է այս ամենը, և մենք փորձում ենք մեզ հասանելի խողովակների միջոցով այս հարցերը ճշտել»։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախության վերաբերյալ բանաձեւի ճանաչմանը, Մարուքյանն ասում է՝ բանաձևը շատ լավ է, բայց կան հարցեր․

«Արցախի ճանաչումը ինչ սահմաններով պետք է արվի։ Արցախը ունի Սահմանադրություն, որի մեջ են այն բոլոր տարածքնեը, որոնք Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ հանձնվել են կամ գրավվել են, հետևաբար ՝ այդ բանաձևը կարող է խթան հանդիսանալ, որ տարբեր պառլամենտներ և սենատներ բանաձև ընդունեն»։