Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կայունացման ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին․ Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)

Որևէ իշխանություն հավերժ չէ, և ցանկացած իշխանություն պետք է հեռանա, երբ պահի հրամայականը գա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ միևնույն ժամանակ պնդելով, որ այս փուլում գերխնդիր ունենք երկրի ներքաղաքական վիճակը կայունացնելու։

Հարցին, թե ո՞ր փուլում է պատկերացնում, որ այս իշխանությունը կհեռանա, Բաղդասարյանն արձագանքեց․

«Այն փուլում, երբ կայուն իրավիճակ կլինի երկրում, և երկիրը պատրաստ կլինի որևէ եղանակով անցնցում անցկացնել ընտրությունները։ Կայունացման ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին՝ հաշվի առնելով նաև հասարակական տրամադրությունները»։

«Ա1+»-ի դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է՝ կայունացում կլինի, երբ Փաշինյանը հրաժարական տա, Բաղդասարյանն արձագանքեց․

«Ես կարծում եմ, որ ընդդիմության քայլերը որևէ կերպ միտված չեն կայունացմանը։ Հիմա անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից՝ բոլորիս միակ կետը պետք է լինի հայրենիքը»։

Բաղդասարյանը պնդեց՝ այս փուլում քաղաքական բախումների վտանգ չի տեսնում։

Պագամավորը նշեց՝ մինչ ուշ գիշեր աշխատում են գերիների և անհետ կորածների հարցերով։