Ներկայացնելու ենք նախագիծ, որով առաջարկվելու է երկրի ղեկավարին անցնցում հեռանալ․Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք որոշակի քաղաքական պատասխանատվության հետ, ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի մասով, այլ նաև մեր մասով»,- այս մասին ավագանու նիստում ասաց Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Ըստ նրա՝ իրենք, որպես Երևանի ավագանու անդամներ պետք է դիրքորոշում արտահայտեն երկրում տեղի ունեցող իրավիճակներին, դիրոքորոշում արտահայտեն այն վարչապետին, ով ըստ նրա՝ երկիրը կարելի է ասել վթարի ենթարկեց և յուրաքանչյուրն իր մասով պետք է կրի իր բաժին պատասխանատվությունը․ «Դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, որոնցից մեկը Երևանի ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հետևյալ դրույթն է․ Ավագանին, Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ, ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, ՏԻՄ այլ մարմիններին»,- ասում է նա։
Դավիթ Խաժակյանը նշում է, որ այս պահին կա մեկ կարևոր, գլխավոր հարց, որից բխում է մնացածը․ «Մենք բոլորս հասկանում ենք, որ կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա ղեկավար վարչապետը իր անգործունակության պայմաններում այդ խնդիրը չի կարող լուծել։ Սա պետք է բոլորս հասկանանք և մեր դիրքորոշումը պետք է հայտնի դառնա»,- ասաց նա։
«Մենք՝ այսօր ևեթ ներկայացնելու ենք ավագանու ուղերձի նախագիծ, որը ենթադրելու է հետևյալը, որ ավագանին որպես հավաքական մարմին, իհարկե համապատասխան քվեարկության պարագայում, դիմելու է վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, ով երկուս ու կես տարի, սև ու սպիտակի բաժանելով, անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա։ Եվ եթե երկուս ու կես տարում, մենք ձախողումները կարողանում էինք հմտորեն ներկայացնել որպես հաջողություններ կամ գոնե որպես սովորական մի երևույթ, կամ նախկիններից մնացած ինչ-որ մի խնդիր, ապա հիմա ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է և դրա գնահատականը պետք է տրվի նաև այստեղ»,- ասում է նա։
Ավագանու անդամի խոսքով՝ իրենք ներկայացնելու են նախագիծը և առաջարկեն քաղաքապետին կամ այդ պահին նրա պաշտոնակատարին, ներկայացնել արտահերթ նիստով այդ նախագիծը, որպեսզի կարողանան իրենց դիրքորոշումները ներկայացնել․ «Անկախ նրանից, ում որպես հանրային գործիչ ճանաչում են, ում չեն ճանաչում, մենք պետք է ցուցաբերենք մեր դիրքորոշումը և դա, կարծում ենք, այս իրավական ճանապարհով կարող է լինել»,- նշում է Խաժակյանը։
«Մենք ներկայացնելու ենք այս նախագիծը, առաջարկելու ենք, որ այն դրվի քվեարկության, բնականաբար այն չի ենթադրելու որևէ առանձին կուսակցական դիրքորոշում և ունենալու է պարզ կառուցվածք՝ այն ենթադրելու է ուղերձ կառավարությանը և կառավարության ղեկավարին՝ անցնցում հեռանալու, որից հետո միայն հնարավոր կլինի մյուս գործընթացներն իրականացնել»,- ասաց նա։
Ըստ նրա՝ հասկանալի է արդեն, որ կարճ է ոչ միայն Ազգային Ժողովի կյանքը, այն իմաստով, որ այդ գումարումը այլևս երկար շարունակվել չի կարող, նույնը վերաբերելու է նաև Երևանի ավագանուն․
«Ես կարծում եմ, որ սա լինելու է հնարավորություն յուրաքանչյուրիս համար՝ մեր դիրքորոշումը արտահայտելու երկիրը այս վիճակին հասցրած մեկ անձի՝ վարչապետի, ում դուք սատարել ու դարձրել եք վարչապետ։Հիմա կա հնարավորություն այդ ամենը շտկելու»,-ասաց նա ու նշեց, որ նախագիծը կստորագրվի ու կներկայացվի։