Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Բաց դաշտ էր, ընդհանրապես թաքնվելու հնարավորություն չկար, սնայպերը խփեց ոտքիս». ինչ են պատմում վիրավոր զինվորները (տեսանյութ)

Պատերազմի ընթացքում ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում է վիրավորվել  18-ամյա շարքային Տիգրան Ասրյանը, որն այս օրերին բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտորնում․

 «Բաց դաշտ էր, ընդհանրապես թաքնվելու հնարավորություն չկար, սնայպերը խփեց ոտքիս, ընկա, փորձեցի սողեսող անցնել բլրի հետևը, տեսա՝ չի ստացվում, ուսապարկ կար, ուսիցս հանեցի, դրեցի  փորիս վրա, կասկես էլ հանեցի դրեցի դեմքիս, որ հանկարծ կրակոցները չդիպչեն»,-պատմում է Տիգրանը։

Դիպուկահարը շարունակել է կրակել, բայց մարտական ընկերները  կարողացել են  վիրավոր Տիգրանին դուրս բերել․

«Նարկոզից հետո լեյտենանտի դեմքը, ոչ էլ անունը չեմ հիշում, բայց առիթից օգտվելով շնորհակալություն եմ  հայտնում կյանքս փրկելու համար, և մեր սերժանտին՝ Հարություն Հովհաննիսյանին եմ շնորհակալություն հայտնում, որովհետև եթե իրենք չլինեին, ես էլ չէի լինի»։

Տիգրանը  Մարտակերտից է, ազդրի բազմաբեկորային վիրավորում ստացել է հոկտեմբերի 3-ին հակառակորդի դիվերսիոն խմբին չեզոքացնելիս։ Դեռ ամիսներ են պետք լիարժեք վերականգնվելու համար, բայց դա չի խանգարում զուգահեռ  ապագայի պլաններ կազմել։ 

«Վերադառնանք Մարտակերտ, փորձենք շենացնել, թուրքին չտանք այն ուրախությունը, թե ղարաբաղցին հեռանում է իր հողից»,-ասում է  Տիգրանը։

Սպա Արտակ Ալավերդյանի համար մարտադաշտում կռիվը ևս  հոկտեմբերի 3-ին է ընդհատվել։ Վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Արտակը Մատաղիսում է  եղել, հիշում է՝ սեպտեմբերի 27-ից հակառակորդը սկսեց ռմբակոծել հենց խաղաղ բնակչությանը

«Մեր սպայական գառադոկներից են սկսել, որպեսզի մեր սպաները չկարողանան գնալ իրենց խնդիրը կատարեն, մի 10-15 րոպե հետո կարողացանք հասցնել մեր զինվորի մոտ»։

Արտակի խոսքով՝ հակառակորդի հարձակումից մի քանի ժամ անց իրենց համար պարզ էր՝ կռվողը Ադրբեջանի զինվորը չէ, քանի որ նրա խոսքով՝ ադրբեջանցիները վախկոտ են։

Մատաղիսի ձորում մեր զինվորականների հերոսական կռվի դրվագներից է հիշում: 

«Միանգամից մի 1000-15000 հոգի եկել էին, որ մտնեին Մատաղիս գյուղ, ընդամենը 10-15 րոպեի ընթացքում մենք դուրս շպրտեցինք իրենց, հետ փախան»,-պատմում է սպան։

Արտակն էլ արդեն վերականգնողական բուժման վերջին փուլում է, բուժվելուց հետ պատրաստվում է շարունակել ծառայությունը, խոստանում է չմոռանալ նաև ընտանիք կազմելու մասին, ասում է՝ 4 կամ 5 տղա է ունենալու։

Հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից աջ թևի ու աջ ոտքի շրջանում բեկորային վնասվածք ստացած  պահեստազորի սպա Մկրտիչ Ուջանյանը ևս բուժման վերականգնողական փուլում է, ուրախությամբ արձանագրում է՝ առաջընթաց շատ կա։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տղաները բուժման ընթացքն անցում են «Մեկ պատուհան» ծրագրի միջոցով, որը երաշավորում է բուժման մեկնարկից մինչև լիարժեք վերակագնում և ինտեգրում հասարակական կյանքին։

Պատերազմի ավարտի ու հետևանքների մասին խոսելիս տղաները քչախոս են, թեև ասելիք շատ ունեն

«Մենք հաղթեցինք, բոլորը պարտվեցին, զինվորները հաղթեցին՝ իրենց կյանքի գնով վճարելով այդ հաղթանակի համար»,-ասում է պահեստազորի սպա Հարություն Մակյանը։