Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Զինվոր կդառնամ, կգնամ Հադրութը կվերցնեմ․ մինչ հադրութցի տղան կմեծանա, նրա ընտանիքն օգնության կարիք ունի (տեսանյութ)

Նատալյա Դուբավիկը 20 տարի առաջ Ռուսաստանի Սարատով քաղաքից Հադրութ հարս է եկել։

Ամուսինը՝ Մակար Սահակյանը, արցախյան առաջին պատերազմում վիրավորում է ստացել, պատերազմից հետո մեկնել է Ռուսաստան, այնտեղ ծանոթացել է Նատալիայի հետ, ամուսնացել են, վերադարձել Հադրութ։

Տևական ժամանակ Հադրութ քաղաքում  ապրելուց հետո ընտանիքը ստիպված է եղել թողնել Հադրութի տունն ու 3 տղաների հետ այստեղ հասնել։

 Նատալյան Հայաստան է եկել սկեսուրի և երեխաների հետ, Մակարը մնացել է Արցախում, կամավոր մեկնել ճակատ։ Կինը երեխաների և սկեսուրի հետ Արամավիրի մարզի Մրգաշատ գյուղում ծանոթներից մեկի տանն է տեղավորվել։ Մակարը հրադադարից հետո վերադարձել է ընտանիքի մոտ։

Նատալիան «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է՝ այս պատերազմը փոխեց իրենց կյանքը, տխրում է, որ իր երեխաները ստիպված եղան տեսնել պատերազմն ու դրա հետևանքները․

«Ես չէի սպասում, որ իմ երեխաները կտեսնեն այս ամենը»,-ասում է կինը արցունքոտ աչքերով։

Նատալիան հայերեն ընդամենը մի քանի բառ գիտի այն էլ Արցախի բարբառով՝  կատակում է՝ ամուսինը երբեմն պարտադրում է, որ հայերեն խոսի, բայց դժվարանում է։

Հիշում է՝ երբ սկսեցին հրետակոծել Հադրութը, երեխաները շատ էին վախեցել, մի կերպ կարողացել են Հայաստան հասնել։

Ընտանիքին, թեև Մրգաշատ  գյուղում շատ լավ են ընդունել, գյուղապետարանից էլ սնունդով և հագուստով աջակցում են, բայց նրանց համար, ինչպես արցախցի շատ ընտանիքների համար, առաջնային շարունակում է մնալ բնակարանի խնդիրը, այժմ ընտանքիով ապրում են իրենց ծանոթի բնակարանում, տեղավորվել են մեկ սենյակում, ջեռուցում նույնիսկ չկա, իսկ կողքի սենյակում տան տիրոջ բազմանդամ ընտանիքն է բնակվում։

Գյուղապետարանից խոստացել են 6 հոգանոց ընտանիքին ժամանակավոր տեղավորել մեկ այլ, ավելի մեծ բնակարանում, բայց Նատալիան ասում է՝ ունեն նույնիսկ կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի խնդիր, նոր բնակարանը ևս ջեռուցում չունի։

Զրուցեցինք նաև 9-ամյա Նիկիտայի հետ, ում մոտ պատերազմի սկսվելու օրվա հիշողությունները դեռ շատ թարմ են, տղան հիշում է՝ տատիկն արթնացրել է, ասել է կռիվ է, արագ հավաքվել են իջել նկուղ։

Տղային հարցնում ենք՝ ի՞նչ է ուզում դառնալ, պատասխանում է․

«Քանի որ թուրքերը եկան Հադրութը վերցրին, ես էլ զինվոր կդառնամ, կգնամ Հադրութը նորից կվերցնեմ»։