Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ՌԴ-ն մտադիր է Արցախն ինտեգրել Ադրբեջանին եւ Թուրքայի հետ հարաբերություններն ավելի սերտացնել. Ա․Ղուկասյան (տեսանյութ)

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները մտադիր են փոխել ՀՀ աշխարհաքաղաքական ուղղվածությունը։

«Նրանք ուզում են գալ իշխանության, որպեսզի ավելի լավ կատարվի այն համաձայնությունը, որը պետք է կնքվի։ Ռուս-ադբեջանական այս կապիտուլիացիան որևէ իրավական հիմք չունի, և ՌԴ-ին հարկավոր է, որ այս ամենը դառնա ինչ-որ փաստաթուղթ։ Նրանք գտնում են, որ իրենք դա կարող են անել ավելի լավ, քան Ն․Փաշինյանը։ Բայց Վլադիմիր Պուտինը պատասխանեց այդ հարցին, որ իրենք Ն․Փաշինյանին որոշակի ժամանակ տեսնում են իրենց գործընկեր՝ այդ ծրագիրն իրականացնելու համար։ Եվ կարծում եմ, որ այդ կուսակցությունների համար դա էական կաշկանդող հանգամանք է։ ՌԴ-ն նրանց սառեցրեց որոշակի ժամանակով, մինչև չստեղծի Ն․Փաշինյանի հետ ընդունված որոշման իրավական հիմքերը»,- ասաց Ա․Ղուկասյանը։

Վերջինս նաև գտնում է, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմով փորձում էր հասնել նույն արդյունքին, բայց իրենք ընդվզեցին դրա դեմ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։

«2018թ․ օգտագործեց իր երրորդ պաշտոնավարման դեմ ձևավորված շարժումը, չգնաց Լուկաշենկոյի ճանապարհով, չպահեց իշխանությունը՝ քաջ հասկանալով, որ առջևում Հայաստանին սպասում է պատերազմ։ Ն․Փաշինյանին թվաց, որ ինքը կարող է ինչ-որ կերպ տակից դուրս գալ, լուրջ չվերաբերվեց պատերազմի սպառնալիքներին՝ այս երկուսուկես տարիներին չշտկվեցին բանակում եղած բացթողումները»,- հավելեց նա։

Ա․Ղուկասյանը նաև մտահոգություն է հայտնում, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ ապահովելու պարտավորություն է ստանձնել, բայց Ադրբեջանը չի ստանձնել իր տարածքով հայկական բեռների փոխադրումը տույլ տալու պարտավորություն։

Ի վերջո քաղաքագետը գտնում է, որ այժմ Հայաստանում կա նոր բևեռ ստեղծելու խնդիր, որն իր առջև պետք է դնի ՀՀ աշխարհաքաղաքական դիրքորոշումը փոխելու և ՌԴ-ից հրաժարվելու խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում