Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը մեծ ավանդ կներդնի՝ ընդլայնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև:

«Մեր երկու երկրներն ունեն ամուր ու խորը հարաբերություններ, համագործակցության մեծ հնարավորություններ և ներուժ: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Ֆան Յունը Հայաստանի նախագահին է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքը: Նշելով, որ Հայաստան ժամանելուն պես մեծ հյուրընկալություն է զգացել՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն բարեկամության երկար տարիների լավ ավանդույթներ և ակնկալում է շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունների զարգացումը: Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ:

Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային հաղորդակցության, նաև մեր երկրի տարածքով դեպի ԱՄՆ կամ Եվրոպա տարանցիկ թռիչքների հնարավորությունը:

Կարևորվել է նաև համագործակցությունը զբոսաշրջային ոլորտում: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակին: