Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Եթե փախստականները վերադառնային, կնշանակեր՝ Շուշիի 80 տոկոսում բնակվելու են ադրբեջանցիներ, քաղաքապետն էլ լինելու է ադրբեջանցի» (տեսանյութ)

Ռազմական դրության նախագիծ բերել է Կառավարությունը, մենք հիմա չունենք Կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կմասնակցեն ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստ անցկացնելու համար հրավիրված խորհրդի նիստին։

 Ընդդիմադիրները, հիշեցնենք, պահանջում են ռազմական դրության չեղարկում։

Լենա Նազարյանն անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե հոկետմբերի 19-20-ին հայկական կողմին ավելի լավ տարբերակ է առաջարկվել, ըստ որի՝ Շուշին մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ, ինչից, սակայն, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է․

«Մենք իմացանք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ի միջակայքում եղել է առաջարկ՝ թույլ տալ, որ Շուշի վերադառնան փախստականները, որոնք մեծամասամբ ադրբեջանցիներ են։ Եվ նաև ուզում եմ հիշեցնել, որ Շուշին ԼՂԻՄ-ի մաս է։ Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ռազմաճակատում ծանր է, փաստացի համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին։ Դա է եղել պատմությունը։ Հայկական կողմը, քննարկելով այդ հարցը, մտածել է, որ անընդունելի է Շուշին հանձնելը։ Փաստացի դա նշանակում է Շուշիի հանձնում, որովհետև եթե Շուշի վերադառնային փախստականները, որոնք մեծամասամբ ադրբեջանցի փախստականներ են, նշանակում էր հանձնել Շուշին։ Եվ որոշվել է շարունակել պայքարը, ինչի մասին նաև ասաց ՌԴ նախագահը՝ մտածելով, որ կունենանք ռազմական հաջողություն, բեկում, որովհետև Շուշին բերդաքաղաք է, և ռազմական ու նաև քաղաքական ղեկավարությունը մտածել են, որ այդ հատվածում մենք կկարողանանք ունենալ ռազմական հաջողություն։ Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն հենց Շուշիի անկման կետում, որովհետև այդ պահից սկսած՝ այլևս պարզ էր, որ հնարավոր չէ ունենալ ռազմական հաջողություն, և այդ իրավիճակում յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ոչ մի ռազմական խնդիր»,- պարզաբանեց Լենա Նազարյանը։

Նազարյանը հավելեց, որ եթե այն ժամանակ՝ հոկտեմբերի 19-20-ին Հայաստանն ու Արցախը համաձայնեին, որ Շուշի վերադառնային ադրբեջանցի փախստականներ, այսօր Հայաստանի իշխանություններին մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ․

«Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- հավելեց Նազարյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ հավելում է՝ եթե փախստականները վերադառնային, սա կնշանակեր՝ Շուշիի 80 տոկոսում բնակվելու են ադրբեջանցիներ, քաղաքապետն էլ լինելու է ադրբեջանցի։ Ինչ վերաբերում է ընդդիմության հակակառավարական ցույցերին, Նազարյանն ասաց՝ Փաշինյանի հրաժարականի տարբերակը իրենց համար ընդունելի չէ, որովհետև ստեղծված իրավիճակում հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը․ «Դուք տեսաք՝ երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին մարդիկ՝ ի աջակցություն վարչապետի, և միայն վարչապետը կարող էր խոսել և խոսեց այդ մարդկանց հետ՝ հորդորելով գնալ տուն և չլարել իրավիճակը, ես չեմ կարծում, որ որևէ այլ ղեկավար կարող էր կայունացնել իրավիճակը»։