Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Գորգիսյան
A A
Քաղաքականություն

Մարդիկ իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. Գեւորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը պնդում է՝ պատերազմի ընթացքում Անվտանգության խորհրդի երկու նիստում վարչապետի հետ հանդիպմանը հորդորել են հնարավորիս շուտ դադարեցնել պատերազմը, իսկ նիստի ընթացքում իրենց ասել են, որ արվում է հնարավորը, պետք է կռվել մինչև վերջ։

Ինչ վերաբերում է 16 ուժերի հանրահավաքին, Գորգիսյանն ասում է՝ մարդիկ իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, բայց Կառավարությունը փակել է ականջները։ Գորգիսյանը պնդում է՝ «Իմ քայլը» կրում է վարչապետի պարտության խարանը, կարող էին դրանից ձերբազատվել՝ վարչապետին պատասխանատվության կանչելով, բայց նրանք, ըստ Գորգիսյանի, դրա կամքը չունեցան․

«Մենք պետք է գտնենք Փաշինյանի հեռանալու հնարավորինս ամենաանցավ տարբերակը երկրի համար»։ Գորգիսյանն ասում է՝ Կառավարության՝ իրենց առաջարկած նոր մոդելում չեն պատրաստվում առաջնորդվել կուսակցական շահերով, իրենք առաջարկում են ընտել ոլորտի պրոֆեսիոնալներ և վստահել կոնկրետ ոլորտը։

«Ոլորտները հիմա ամբողջապես տապալված են, և այդ մեռած վիճակից պիտի վերակենդանացման բերենք մենք»։ Գորգիսյանը չբացառեց, որ կարող են համաձայնության կառավարություն ստեղծել, օրինակ, Հանրապետականի, Ռոբերտ Քոչարյանի համախոհների և այլ ուժերի հետ, նրա խոսքով՝ պրոֆեսիոնալիզմը կուսակցական պատկանելություն չի ճանաչում։

Ինչ վերաբերում է 16 ուժերի կողմից Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելուն, Գորգիսյանն ասում է՝ դա պետք է ցույց տա քննությունը․ «Իշխանափոխությունից հետո պարտադիր պիտի քննվեն բոլոր հանգամանքները, որոնք ի հայտ եկան այս պատերազմի ընթացքում, բազմաթիվ են հարցերը, բազմաթիվ են անհասկանալի դրվագները, այդ ամենը պիտի քննվի, ինչ տեղի ունեցավ պատերազմից առաջ, հետո և այդ ընթացքում, դա անհնար է անել այս իշխանության օրոք, իրենց հեռանալու առաջին օրվանից պետք է սկսվեն այդ գործընթացները»։