Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ազգերի լիգա. Իսպանիան 6:0 հաշվով ջախջախեց Գերմանիային և կրկնեց 89 տարվա ռեկորդը

Կայացան ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի առաջին հանդիպումները:

Կենտրոնական խաղում Իսպանիայի հավաքականը սեփական դաշտում ընդունեց Գերմանիայի ընտրանուն: Իսպանացիներին միայն հաղթանակն էր դուրս բերում եզրափակիչ փուլ: Դաշտի տերերը պարզապես ջախջախեցին հզոր մրցակիցն՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով երեքական գոլ՝ 6:0:

Սա Գեմանիայի հավաքականի կրած ամենախոշոր հաշվով պարտությունն էր վերջին 89 տարվա մեջ: 1931 թվականին գերմանացիները նույն 0:6 հաշվով պարտվել էին Ավստրիայի հավաքականին, որին այն ժամանակ անվանում էին «Հրաշք թիմ»:

Հանդիպումից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն այսպես է մեկնաբանել այդ նվաստացուցիչ պարտությունը:

«Երկրորդ խաղակեսում մենք փորձեցինք պրեսինգի դիմել, գոլ խփել և վերադառնալ պայքարի: Բայց իսպանացիները շատ լավ խաղացին, գործում էին արագ և անսխալ: Մենք շանս չունեինք: Սակայն ես շարունակում եմ վստահել այն ֆուտբոլիստներին, որոնց հրավիրել եմ թիմ: Պարզապես, մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որին ձգտում էինք վերջին հանդիպումներում», - ասել է 2014թ աշխարհի չեմպիոնը:

Իսպանիայի հավաքականն այդ հաղթանակից հետո իր խմբում գրավեց առաջին տեղը և Ֆրանսիայի ընտրանուց հետո մտավ եզրափակիչ փուլ: Մյուս երկու մասնակիցները հայտնի կդառնան այսօր նակախետված հանդիպումներում: Առաջին խմբում միակ ուղգերի համար կպայքարեն երեք թիմեր՝ Իտալիան, Նիդեռլանդները և Լեհաստանը, իսկ 2-րդ խմբում 1-ին տեղի համար պայքարում են Բելգիան ու Դանիան, որոնք այսօր կհանդիպեն հենց իրար հետ: