Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետի մամուլի խոսնակի հրապարակած տեսանյութը շատ լավ մոնտաժված է. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Վարչապետի մամուլի խոսնակը փորձում է հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել լրատվական դաշտը։ «Ա1+»-ի հետ զրույցում նման պնդում արեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հրապարակած այն տեսանյութին, որտեղ երևում է՝ ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում։

«Մոնտաժված տեսանյութում հստակ երևում է, որ մեր խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը և մեր կուսակցության այլ անդամներ մուտք են գործում Կառավարության շենք, սակայն հակաօրինական որևէ գործողություն թե՛ Դավիթ Մանուկյանի, թե՛ մեր կուսակցության մյուս ներկայացուցիչների կողմից  չի իրականացվել»,-համոզմունք է հայտնում ԲՀԿ պատգամավորը։

Տոնոյանն ասում է՝ անձամբ է եղել և՛ Կառավարության, և՛ Ազգային ժողովի շենքում,  և փորձել են կանխել բախումները, հանդարտեցնել քաղաքացիներին․

«Ես ինքս բազմաթիվ մարդկանց իջեցրել եմ Կառավարության նիստերի դահլիճի սեղանների վրայից, խնդրել, հորդորել եմ որևէ հակաօրինական քայլ չիրականացնել, հետո արդեն եկել եմ Ազգային ժողովի նիստերի դահլիճ, փորձել եմ ԱԺ նիստերի դահլիճում կրքերը հանդարտեցնել։ Դավիթ Մանուկյանը և մեր կուսակցության մյուս ներկայացուցիչները այդտեղ են եղել հենց այդ առաքելությունը իրականացնելու նպատակով»։

Տոնոյանը պնդում է՝ այսօր էլ ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչեցվել սպառնալիքների կոչեր․

«Ի՞նչ է նշանակում վարչապետի մամուլի խոսնակի տեղադրած այս տեսանյութը՝ շատ լավ մոնտաժված, որ գնացեք, գտեք էս մարդկանց հաշվեհարդար տեսե՞ք, առաջնորդվում է իր ղեկավարի նույն սկզբունքո՞վ, երբ զինված մարդկանց կոչ էր անում գալ վնգստացողների հարցերը լուծե՞լ»։