Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանին, Աշոտ Մինասյանին և Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում սկսվել է «Հայրենիք»կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը։ Դատարանը պետք է քննի Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Նման միջնորդությամբ հանդես են եկել Արթուր Վանեցյանի պաշտպանները։

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանի պաշտպանական խմբի անդամ Լուսինե Սահակյանն ասաց, որ Արթուր Վանեցյանին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։


Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ. դատարանը հիմնավոր է ճանաչել նրա ձերբակալումը

 

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հիմնավոր ճանաչել  ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ձերբակալումը։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Այսպիսով, Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։

Աշոտ Մինասյանը  ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բողոք էր ներկայացրել ձերբակալման որոշման դեմ։

 

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

 

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Վահագն Գասպարյանը։

Նա նշեց, որ ցանկացած հանցագործության դեպքում հանցագործության նախապատրաստումը ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ. պարզ չէ, թե ինչ է իր պաշտպանյալը արել։

Նա նաև տեղեկացրեց, որ դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվի կալանավորման որոշումը, հետաձգվել է, որովհետև անհրաժեշտ էր ծանոթանալ նյութերին։ Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 15-ին ժամը 18։30-ին։

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։