Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ես չեմ կարծում, թե Փաշինյանի հրաժարականը արդեն որևէ բան փոխելու է․ Հրանուշ Խառատյան (տեսանյութ)

Պատերազմի սկզբից ևեթ ես այսպիսի մի ցավալի ելք սպասում էի, կարծեմ հենց այդ օրերին էլ գրել էի՝ սա ինձ հիշեցնում է 100 տարի առաջվա ռուս-թուրքական համաձայնությունը։ «Ա1⁺»-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կնքված եռակողմ համաձայնագրին։

«Ես ուղղակի չգիտեմ՝ արդյո՞ք Փաշինյանը, Ազգային ժողովը չէին ընկալում, որ մենք պատերազմում ենք տանդեմների դեմ՝ ռուս-թուրքական համաձայնեցված տանդեմի և Թուրքիայի դեմ, Ադրբեջանը տվյալ դեպքում մասնակիորեն, որպես հումք է այստեղ օգտագործվել»,-ասում է ազգագրագետը և հավելում՝ մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։

ԻՆչ վերաբերում է Արցախի ժողովրդին, Խառատյանն ասում է՝ նրանք այս պահին դրսում են, իսկ ռուսներին խիստ անհարժեշտ է, որ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում լինի, որովհետև իր խաղաղապահ զորքի իմաստը միայն այն դեպքում կա, եթե այդ ժողովուրդը կա։

Խառատյանն ասում է՝ զինադադարի պահին Գորիսում է եղել, Արցախի ժողովրդի հետ, ըստ ազգագրագետի՝ այս որոշումից հետո նրանք մոլորության և շփոթության մեջ էին․

«Ոչ մի իշխանություն՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի, չի պատասխանում, թե մարդիկ, եթե վերադառնան Արցախ, ո՞ւր են գնալու, որտե՞ղ են ապրելու, օրինակ՝ հադրութցիները ո՞ւր են գնալու, ավերակների մեջ ո՞նց են ապրելու։ Կամ օրինակ Շուշիում հնարավո՞ր է ապրել ադրբեջանցիների հետ»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականի պահանջին, Խառատյանն ասում է․

«Ես չեմ կարծում, թե Փաշինյանի հրաժարականը արդեն որևէ բան փոխելու է։ Այն քաղաքական ուժերից, որոնք հրաժարական են պահանջում, էլի որևէ գործնական առաջարկ չեմ տեսնում, չգիտեմ ում հետ են նրանք բանակցելու, Էլի՞ Ռուսաստանի հետ։ Այս պահին հաղթած Ռուսաստանը թելադրելու է, որ քաղաքական ուժն ուզում է լինի»։

Ստեղծված իրավիճակում ազգագրագետը կարծում է՝  շատ արագ պետք է սեղանին դրվի ռեալ գործողությունների ծրագիր։