Պարոն Տոնոյան, բա «Պանցիրն» ու «Կռասուխան» ո՞նց ստացաք, եթե բլոկադայի մեջ էիք․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասում է, որ վերջին 5 տարիներին ակնհայտ էր, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ պատերազմի էր պատրասվում, 1,5 մլրդ դոլարի ծախսեր էր արել, Նախիջևանն էլ դրա համար որպես հարթակ էր օգտագործվում։ Ճիշտ է, ՀՀ իշխանությունները որոշ զինտեխնիկա ներկրեցին, բանակում բարելավումներ արեցին, բայց, գտնում է, որ մեր դաշնակիցների հետ հարաբերությունները չկարգավորեցին:
«Մենք ասել էինք, որ ՌԴ-ն այս պայմաններում լինելու է միակ այն դաշնակիցը, որը գոնե ինչ-որ չափով պաշտպանելու է։ Ուրեմն գոնե նրա հետ հարաբերություններն ինչ-որ չափով պետք էր զարգացնել ամենաբարձր մակարդակով, առանձնացնել մյուս երկրներից և ունենալ հատուկ հարաբերություններ։ Պետք էր պաշտոնապես դիմեր ՌԴ-ին հակաահաբեկչական գործողություններ անելու համար, բայց դա չարվեց, ընդամենը հարցազրույցում ասվեց։ Այդ դեպքում մենք տարածքները չէինք կորցնի, Շուշին ընդհանրապես չէինք կորցնի։ ՌԴ-ն չհասկացավ, թե ինչ արեց այս պահին։ Եվ հիմա թող իր դռները բացի, որ Ադրբեջանում անգործ մնացած ջհադիստները գնան այնտեղ»,- ասում է Ա․Սարգսյանը։
Ա․Սարգսյանը նաև կարծում է, որ ապրիլի 9-ին ստորագրված փաստաթուղթը որևէ իրավական հիմք չունի, ընդամենը ստորագրություն է, և այդ հայտարարությունը չպետք է որևէ գործողություն պարունակեր, քանի որ Հայաստանը Արցախը չէ։
Նա գտնում է, որ մենք պետք է գնանք բանակցությունների։ Իսկ դրա համար պետք է նախագահի գլխավորությամբ տեխնոկրատների խումբ ստեղծել, որը ժամանակավոր կառավարում կիրականացնի՝ մինչև արտահերթ ընտրությունները։ «Մարդիկ տեսնեն, թե ինչ հնարավորություն կա փոքր-ինչ վերանայելու պայմանները, հենվել ՌԴ շահերի վրա, քանի որ արդեն այդ տիրույթում ենք։ ՌԴ-ն երբ հասկանա, որ արդեն վստահելի հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարության հետ, կարող են գնալ այլ փոփոխությունների»,- ասում է Ա․Սարգսյանը՝ հավելելով, որ Հադրութը դեռ կարելի է վերադարձնել։
Վերջինս նաև անդրադարձավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե պատերազմի ողջ շրջանում Հայաստանը եղել է լոգիստիկ մատակարարման տոտալ շրջափակման մեջ։ «Պարոն Տոնոյան, բա «Պանցիրն» ու «Կռասուխան» ո՞նց ստացաք, եթե բլոկադայի մեջ էիք»,- հարցնում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում