Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lputyan
A A
Սպորտ Հասարակություն

«Հայ ժողովուրդը երկրորդ անգամ մեծ ողբերգություն ապրեց». Սմբատ Լպուտյան

Շախմատի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը կարծում է, որ այս օրերին ոչ մի հայ չպետք է անտարբեր մնա այս օրերին Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

 

«1915թ եղեռնից հետո հայ ժողովորդը երկրորդ անգամ մեծ ողբերգություն ապրեց վերջին օրերին: Մենք իրավունք չունենք Արցախը հանձնելու: Պետք է ամեն ինչ անենք և փորձենք փոխել իրավիճակը: Հուսանք, որ կգա մի դրություն և Աստծու օգնությամբ կկարողանանք հասնել դրան», - «Ա1+»-ի թղթակցին ասաց անվանի շախմատիստը, ով ներկա էր այսօր Մատենադարանի մոտ 17 կուսակցությունների կողմից կազմակերպած բողոքի ակցիային:

 

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Արցախի հարցի լուծումը, Սմբատ Լպուտյանն ասաց.

 

«Շախմատ խաղալիս ինքդ տեսնում ես, թե ինչ իրավիճակ է և կայացնում ես համապատասխան որոշում: Տվյալ դեպքում մենք շատ ինֆորմացիա չունենք, ուստի առայժմ կարծիք չենք կարող հայտնել: Բայց մի բան գիտեմ, որ շախմատում երբ ամենադժվար վիճակում ես լինում, դու փորձում ես պայքարել և դուրս գալ այդ դրությունից: Ցանկացած իրավիճակում էլ կարելի է պայքարել և լուծել խնդիրը», - նշեց փորձառու գրոսմայստերը:

 

Սմբատ Լպուտյանը գտնում է, որ հայ-ադրբեջանական այս «պարտիան» դեռ չի ավարտվել, քանի որ, շախմատի լեզվով ասած, կողմերը ոչ-ոքի չեն խաղացել և չեն կնքել վերջնական հաշտություն: