Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ռուսաստանը մեզ գրեթե զենք չէր մատակարարում և չաջակցեց, երբ կրակում էին Հայաստանի վրա․ Ս․Գրիգորյան (տեսանյութ)

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղակավար Ստեփան Գրիգորյանն ասում է, թե իրեն նույնպես դուր չի գալիս նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած պատերազմի դադարեցման հայտարարությունը, ինչպես դուր չի գալիս այն 17 կուսակցություններին, որոնք այսօր պահանջում են իշխանության հրաժարականը։ Բայց այդ կուսակցություններից Հանրապետականը երկու տասնամյակ եղել է իշխանության, «Դաշնակցությունն» ու «Բարգավաճ Հայաստանը»՝ ժամանակ առ ժամանակ և ինչո՞ւ նրանք մեր երկրի անվտանգությունը կապեցին միայն Ռուսաստանի հետ և և այլընտրանք չորոնեցին։

«Համեմատության համար ասեմ, որ Ալիևն իր անվտանգությունը կապեց և՛ Թուրքիայի, Պակիստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Բելոռուսի, և՛ ՌԴ հետ։ Եվ Ալիևը լրջագույն ռազմական մատակարարում ունի այս բոլոր երկրների հետ։ ՌԴ-ին ռազմաքաղաքական մենաշնորհ տալը բերեց այս փաստաթղթի ստորագրմանը»,- ասաց Ս․Գրիգորյանը։

Քաղաքագետը հավելում է, թե պատերազմի օրերին ՌԴ-ն մեզ գրեթե զենք չէր մատակարարում։ Նա համարում է, որ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հենց դա էր ակնարկում, երբ ասում էր, թե «Հայաստանն ամբողջ պատերազմի ընթացքում եղել է լոգիստիկմատակարարման տոտալ շրջափակման մեջ»։ «ՌԴ-ն փոխանակ կատարեր իր ռազմական պարտականությունները մեր առջև թե մեծ պայմանագրով, թե ՀԱՊԿ-ի, թե ռազմաբազայի շրջանակներում, փոխանակ բավարար քանակությամբ և ժամանակակից զենք մատակարարեր, մեզ առաջարկեց այս տարբերակը՝ ռուսական զորքեր մտցնել այս տարածաշրջան»,- հավելեց նա։

Ս․Գրիգորյանը նաև գտնում է, որ այս պատերազմում ՌԴ շահերը չհամընկան Հայաստանի շահերի հետ, փոխարենը համընկան Թուրքիայի շահերի հետ՝ Թուրքիան Ռուսաստանին պետք է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին թուլացնելու համար

«Եվ ես հարց եմ տալիս այդ երեք ուժերին՝ ինչո՞ւ դուք ամեն ինչ կապեցիք ՌԴ հետ։ Բայց այսօր ՌԴ և ՀՀ չահերը չհամընկան, համընկան ՌԴ-ի և Թուրքիայի շահերը։ Եվ այս խայտառակ փաստաթուղթը, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը, արդյունքն է ձեր այն քաղաքականության, որ ՌԴ-ին տվեցին մեր անվտանգության մենաշնորհը։ Ուրեմն մեղքը ոչ թե Ն․Փաշինյանին էր, այլև երկարատև վարվող քաղաքականությանը»,- եզրափակում է քաղաքագետը։

 

Մանրամասները՝   տեսանյութում