Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բորիս Նավասարդյան
A A
Քաղաքականություն

Բորիս Նավասարդյանը՝ Սյունիքով Նախիջեւան-Ադրբեջան կապ մասին․ «Սա լրացուցիչ նվաստացնող հանգամանք է, անվտանգային խնդիրներ դժվար թե առաջացնի»․ Առավոտ

«Սա պարտություն էր եւ կապիտուլյացիա»։ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան կնքած՝ Արցախում պատերազմն ավարտելու մասին համաձայնագրի մասին նման կարծիքի է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը։

Այլընտրանք ունե՞ր կապիտուլյացիային։ Պարոն Նավասարդյանը կարծում է՝ ոչ։ Aravot.am-ի հետ զրույցում նա ասում է՝ պատերազմի ելքը տանում էր այստեղ, իսկ այլընտրանքի մասին կարելի է մտածել բավականին ժամանակ հետ գնալով՝ ի՞նչ կարելի էր անել 1 տարի առաջ, ի՞նչ կարելի էր անել 2,5 տարի առաջ կամ նախորդ տարիներին․

«Որովհետեւ այնպես չի լինում, որ միայն վերջին ժամանակների իշխանություններն են ամեն ինչում մեղավոր, սա ակնհայտ է բոլոր քաղաքական վերլուծաբանների համար»։

Սա կապիտուլյացիա է եւ, ըստ պարոն Նավասարդյանի, նման եզրակացության հիմքն այն է, որ համաձայնագրում բոլոր այն դրույթներն են, որոնք ցանկանում էր տեսնել Ադրբեջանը, բացառությամբ գուցե ռուս խաղաղապահների ներկայության մասին դրույթի․

«Բայց դա էլ մտավ ոչ թե այն պատճառով, որ դա Հայաստանի իշխանություն նվաճումն էր, այլ դա հենց Ռուսաստանի նվաճումն էր եւ դրան ՌԴ-ն հասավ Սիրիայում Թուրքիային շատ հարվածներ հասցնելով։ Եւ Թուրքիան ստիպված էր իր հավակնությունները համեստ դարձնել։ Թեեւ, այստեղ կա մի քողարկված հանգամանք՝ Ադրբեջանն էլ էր ինչ-որ տեղ շահագրգռված, որ Թուրքիան չամրացնի իր դիրքերն Ադրբեջանում եւ Հարավային Կովկասում, որովհետեւ դա ցանկալի չէր Ալիեւի կլանի համար։ Ալիեւը ստացավ իր համար առավելագույնը։ Ռուսաստանի որոշակի ներկայությունն այս տարածաշրջանում ուժեղանալը հնարավորություն է տալիս Ալիեւին հավասարակշռել Անկարայի եւ Մոսկվայի ազդեցությունն իր եւ իր իշխանության վրա։ Այնպես որ, այդ դրույթն ընդունելի էր միայն Ադրբեջանի համար, այլ ոչ թե Ադրբեջան-Թուրքիա տանդեմի համար»։

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։

Սա համաձայնագրի կետերից մեկն է։ Արդյոք այս դրույթը սպառնում է Սյունիքի մարզի անվտանգությանը։ Մեր այս հարցին ի պատասխան պարոն Նավասարդյանն ասում է՝ այս դրույթը կապիտուլյացիայի մի մասն է, որովհետեւ, այն բոլոր հնարավոր կարգավորման տարրերը, որոնք կային վերջին 20-25 տարում բանակցությունների ընթացքում, դրանք արտացոլվեցին այս փաստաթղթում, եւ սա Քի-Վեսթյան չհաջողված պայմանագրի դրույթն է, որը մտավ այս համաձայնագրի մեջ․

«Ալիեւն ու Ադրբեջանը հասան բոլոր այն կետերին, որոնք իրենց անհրաժեշտ էին, դա էլ պարտադիր պետք է մեջը լիներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով