Ինչու՞ եւ ով է մեղավոր. Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես հիմա շատ բաներ չեմ կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։ Այսօր, նրանք, որոնք ջարդուփշուրներ են անում, նրանք թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ մի ընդդիմադիր քաղաքական գործիչ, որն իր հրաժարականն է պահանջել, երեկ չէ առաջին օրը դիրքերը թողել փախել է՝ գեներալի ուսադիրներով, այսօր եկել ասում է՝ մեր բանակի կողքին կանգնած ենք։ «Ես համոզված եմ՝ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաեւ այդպիսի մարդիկ, շատ մարդիկ, որոնց մտադրությունները ազնիվ եւ արդար են, գիտեմ, որ կան մեր զոհված եղբայրների հարազատները։ Ես խոնարհվում եմ նրանց առաջ։ Այսօր ինձ ասացին, որ էս դեբոշներ սարքողների մեջ կան, օրինակ, օլիգարխների, այսպես ասած, հանցավոր խմբեր։ Էդ էն մարդիկ են, որոնք քսան տարի գողացել են զինվորից, որոնք քսան տարի գողացել են բանակից, որոնք քսան տարի հարկ չեն վճարել, այսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում։
Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, օգնելու աղաղակները չե՞ն լսել, ի՞նչ գործ ունեն Երեւանում կամուֆլյաժով։ Հիմա պատեհ առիթ է իրենց համար, դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։ Գիտե՞ք՝ ինչի են ազատ մտնում ջարդուփշուր անում, որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա՝ բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում, եւ ես հպարտ եմ դրա համար։ Բայց ես հասկանում եմ, որ պիտի բովանդակային եւ մանրամասն բացատրություններ տալ, այսօր էլ եմ պատրաստ, բայց ինչու չեմ տալիս, որովհետեւ ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա, ռազմական դրության պայմաններում եւ պատերազմի պայմաններում ձեւակերպած ամեն նախադասություն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ֆեյսբուքյան գրառումները, ձեւակերպումները շատ արագ հասնում են առաջին դիրք եւ շատ արագ հասնում են թշնամուն.« Դա է պատճառը, որ ես այսօր չեմ կարող ասել այն ամենը, ինչ պիտի ասեմ։ Բայց ես ուզում եմ՝ մի բան հասկանանք․ այս որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում եւ այն մարդկանց գնահատականի եւ նրանց լսելու արդյունքում, որոնք ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին»: «Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին տուրք չտալ ջարդարարների խմբերին, որովհետեւ այնտեղ են կուսակցական հայտնի շրջանակներ, մարդ կա՝ հարուցված քրգործի շրջանակներում պետությանը 80 մլրդ դրամի պարտավորություն ունի։ Դա ավելին է, քան Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկած փողը։ Այդ գումարը պիտի դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ, եւ այլն։ Այդ մարդիկ էսօր դեբոշ են անում՝ իրենց թալանելու իրավունքը վերագտնելու համար։ Երկուսուկես տարի լցվել են, թե՝ էս ո՞նց եղավ, որ թալանելու հնարավորությունները կորցրինք։ Ես ընդունում եմ, որ մենք այս երկու տարվա ընթացքում չենք արել էն չափի գումարների վերադարձ, որ պիտի անեինք, որովհետեւ փորձել ենք ամեն ինչ անել օրինական մեթոդներով»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում