Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր2
A A
Պաշտոնական

«Անպարտ Ալբերտն ընդմիշտ կմնա լուսանկարի, Արցախյան գոյամարտի և բոլորիս հերոսը…»

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

««Մերօրյա Հերոսները». Ալբերտ Հովհաննիսյան

Հայտնի լուսանկարի Հերոս տղան ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներից էր․․․Անպարտ Ալբերտն ընդմիշտ կմնա լուսանկարի, Արցախյան գոյամարտի և բոլորիս Հերոսը…

Արցախյան ներկայիս գոյամարտի խորհրդանիշը տեղական ու միջազգային մամուլի առաջին էջերում, վահանակների վրա, շատ շատերի սոցիալական էջերում: Քաջարի հայ զինվորն ու հաղթանակ կերտողներից մեկը:

Սեպտեմբերի 15-ին նա դարձավ 19 տարեկան: Հերոս Ալբերտն ընտանիքի միակ տղան է։ Ինչու՞ ներկա ժամանակով, որովհետև անհնար է Ալբերտի մասին խոսել անցյալով, անհնար է պատկերացնել, որ հայ ժողովրդի անպարտելի ոգու խորհրդանիշը դարձած անվախ զինվորը կարող էր ինչ-որ պահ խոցելի լինել…
Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մանկավարժները հիշում են՝ Ալբերտի աչքերը միշտ փայլում էին, երբ ուսուցիչները խոսում էին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին: Ոչ ոք այդ ժամանակ չէր կարող պատկերացնել, որ մի օր էլ իր մասին են խոսելու, իրեն են ներկայացնելու՝ որպես հերոսի:

«Հերացի» ավագ դպրոցի փոխտնօրեն Մարգարիտա Բաբայանի խոսքով՝ Ալբերտը համեստ, զուսպ, հավաքված, կազմակերպված երիտասարդ էր: «Եթե անգամ որևէ դժգոհություն էր ունենում, երբևէ այն չէր արտահայտում: Ալբերտի ներքին հզոր ուժը զգում էին բոլորը: Նույնիսկ, երբ մեկ տարի սովորելուց հետո հոսքը փոխելու որոշում էր կայացրել, դասղեկն ափսոսանքով ասաց, որ Ալբերտի գնալուց հետո դասարանն այդքան միասնական չի լինի, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ Ալբերտը փոխի իր որոշումը: Այսպիսին էր մեր Ալբերտը. միշտ մտածում էր ուրիշների մասին: Նա դասարանի առաջնորդն էր», - ասում է փոխտնօրենը՝ հավելելով, որ Ալբերտն ամեն ինչ անում էր՝ դասարանը միավորելու համար:

Ուսուցիչներն, ըստ Մարգարիտա Բաբայանի, միշտ կարող էին հույս դնել Ալբերտի վրա. ողջ դասարանը գնում էր նրա հետևից: «Միաժամանակ, նա շատ հանգիստ և հասուն երիտասարդ էր: Նա մի ամբողջ դասարանի հավաքական ուժն էր: Մի օր, երբ դասը վերաբերում էր գեղեցիկին ու գեղագիտությանը, և աշակերտներին հարց էր տրված, թե ինչ է գեղեցիկը, Ալբերտը միակն էր, որ պատասխանել էր. «Գեղեցիկը Մայրն է», - թախիծով հիշում է տիկին Բաբայանը: Նրա համար, շարունակում է փոխտնօրենը, հոր կերպարը նույնպես շատ կարևոր էր. հայրն Ալբերտի համար ուղղորդող կերպար էր: «Դասերի ընթացքում մենք շատ էինք դիտում հայրենասիրական ֆիլմեր, հերթական ֆիլմի դիտումից հետո ծավալված քննարկման ժամանակ Ալբերտն ասաց. «Հայրենասիրության մասին չեն խոսում…»: Եվ մեր Ալբերտն ընդհանուրի շահը գերադասեց անձնականից», - ափսոսանքով, բայց, միաժամանակ, հպարտությամբ ավելացնում է տիկին Բաբայանը:

Ալբերտի դասղեկը՝ Ռիմա Սարգսյանն, իր հերթին, շտապում է ընդգծել, որ Ալբերտը շատ հոգատար երիտասարդ էր, բոլորի հետ լեզու էր գտնում, ու բոլորն իր խոսքը հարգում էին:
«Ընկերների շրջանում Ալբերտը մեծ հարգանք էր վայելում: Ընդհանրապես, նա ամեն ինչ անում էր շատ լավ», - ընդգծում է տիկին Սարգսյանը՝ ավելացնելով, որ Ալբերտն առաջիններից էր, որ ցանկանում էր մեկնել ծառայության: «Նույնիսկ 2016 թվականի Ապրիլյան պատերազմին մասնակցած ընկերներ ուներ և քաջ գիտակցում էր՝ ուր է գնում: Մենք միշտ վառ կպահենք նրա հիշատակը, Ալբերտն ընդմիշտ կմնա մեր սրտերում», - զսպված արցունքների միջից ավելացնում է դասղեկը:

Ալբերտի դասընկերուհին՝ Մարիաննան, բնութագրում է նրան որպես շատ բարի, ընկերասեր ու նվիրվող երիտասարդի: «Բոլորի խնդիրներն իրենն էին: Նա մեր միասնության խորհրդանիշն էր: Միշտ կյանքով լի էր: Ծառայության Ալբերտը գնացել է շատ ոգևորված, երբևէ դժգոհություն չի հայտնել: Անգամ ծառայության ընթացքում միշտ հետաքրքրվում էր մեր խնդիրներով, ուզում էր օգնել՝ նույնիսկ հեռվում լինելով», - հիացմունքով պատմում է Մարիաննան:

Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, նշում է, որ որդու ծառայությունն անցել է Ջրականում (Ջաբրայիլ): «Երկու շքանշան ուներ, շատ «դուխով» էր: Չէր մտածում, որ ինչ-որ բան կարող է իրեն խանգարել ծառայության ընթացքում: Ինձ միշտ ասում էր. «Պա՛պ, հանգիստ եղիր, հաստատ հաղթելու ենք», - պատմում է հերոսի հայրը: Նրա խոսքով՝ Ալբերտն իր ենթակայության տակ գտնվող հաշվարկի տղաների հետ միասին 3 օր ու գիշեր անտրտունջ մարտնչել է ադրբեջանա-թուրքական հրոսակների ու վարձկան ահաբեկիչների դեմ: «Ինձ հաջողվեց կապ հաստատել որդուս հրամանատարի հետ, որն ասաց. «Ձեր տղան իրական հերոս է»: Ալբերտն իր հաշվարկով լուրջ վնասներ էր հասցրել թշնամուն», - հպարտությամբ ասում է Արտակ Հովհաննիսյանը: Խիզախ հայորդին, իր կյանքը վտանգելով, փրկել է ծառայակիցների կյանքը: Իսկ Ալբերտի հայրն այսօր ոչ պակաս հերոսաբար պայքարում է թիկունքում. նա Հայոց բանակին է նվիրաբերել սեփական մեքենան, շատերն են հետևել նրա օրինակին: «Այսօր պիտի դառնանք մի բազուկ, ցույց տանք մեր ուժն ու հաղթենք: Ես միշտ սովորեցրել եմ տղայիս լինել թույլի կողքին ու պաշտպանել նրան, անկախ նրանից՝ վտանգում է սեփական կյանքը, թե ոչ», - ընդգծում է Արտակ Հովհաննիսյանը:
Անպարտ Ալբերտն ընդմիշտ կմնա լուսանկարի, Արցախյան գոյամարտի և բոլորիս հերոսը…»: