Մենք ինքներս պետք է լուծենք Ղարաբաղյան հարցը. Լևոն Արոնյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այսօր Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրեց «Մատ տեռորին» խորագիրը կրող բարեգործական միաժամանակյա խաղաշար, որից ստացված ողջ գումարը փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Նա և արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը հանդիպեցին Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։
«21-րդ դարում ամենագլխավոր խնդիրը համարվում է ահաբեկչությունը: Հիմա այնպես է ստացվել, որ Հայաստանը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում: Մենք բոլորս, մասնակվորապես սպորտի բնագավառի մարդիկ, պետք է ամեն ինչ անեն մեր զինվորների կողքին կանգնելում նրանց օգնելու համար, որոնք իսկական հերոսներ են և այժմ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ», - խաղաշարից առաջ կազմակերպված հարցազրույցի ժամանակ ասաց անվանի շախմատիստը:
Լևոն Արոնյանի կարծիքով, աշխարհահռչակ բոլոր հայերը պետք է տարբեր ատյաններում դատապարտեն այսօրվա մեր թշնամիներին, որոնք օգտագործում են բոլոր տեսակի անմարդային զենքեր:
«Այս պատերազմը միայն Հայատանի և Արցախի գոյատևման, փրկության պատերազմը չէ, սա նաև միջազգային մշակույթի, համաշխարհային քաղաքակրթության համար պայքար է: Ես առաջին հերթին աշխատում եմ օգտագործել իմ միջազգային կապերը և տեղյակ պահել միջազգային կառույցներին Ղարաբաղում տեղի ունեցող ահաբեկչության մասին: Երկրորդ տարբերակն այն է, որ զենքով անմիջապես գնամ մարտադաշտ», - շարունակեց 38-ամյա շախմատիստը:
«Ա1+»-ի այն դիտարկմանը, որ ինքը խաղատախտակի վրա բոլոր բարդ հարցերը կարողանում է լուծել, հետևաբար ինչպես է տեսնում Ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը, Լևոն Արոնյանը պատասխանեց:
«Շատ բարդ հարց է: Մենք տեսնում ենք, ոչ միջազգային հանրությունը նպատակ չունի պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ: Ուստի այդ հարցը մենք ինքներս պետք է լուծենք: Դրա համար պետք է միասնական լինենք», - եզրակացրեց Լևոն Արոնյանը: