Բացել լրահոսը Փակել լրահոսը
bc610c49-a134-4bea-acc2-4d09e80ab822_w1023_r1_s (1)
A A
Քաղաքականություն

ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը զգուշացրել է ԼՂ-ի շուրջ հնարավոր ռազմական հանցագործությունների մասին

Ամերիկայի Ձայն

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն այսօր ահազանգել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և հարակից բնակավայրերում հարձակումները շարունակելու վերաբերյալ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական օրենսդրությանը: Նա զգուշացրել է, որ դրանք կարող են համարվել ռազմական հանցագործություններ:

«Սեպտեմբերից սկսած հակամարտության ահավոր հետևանքների շուրջ բազմիցս հնչել են կոչեր, այդ թվում նաև իմ կողմից, որ կողմերը ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը՝ խուսափելու կամ գոնե նվազագույնի հասցնելու քաղաքացիական կյանքի կորուստը և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում ՝ դպրոցների և հիվանդանոցների վնասումը, ինչպես նաև տարբերել քաղաքացիական անձանց զինվորականներից և քաղաքացիական օբյեկտները ռազմականից», -ասել է Բաչելետը՝ ավելացնելով. «Փոխարենը, տները ավերվել են, փողոցները վերածվել փլատակների, և մարդիկ ստիպված են փախչել կամ նկուղներում ապահովություն փնտրել»:

«Միջազգային մարդասիրական իրավունքը չի կարող ավելի պարզ լինել: Տարբերակման սկզբունքի կամ համաչափության սկզբունքի խախտմամբ իրականացված հարձակումները կարող են նշանակել ռազմական հանցագործություններ, և հակամարտության կողմերը պարտավոր են արդյունավետ, անհապաղ, մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննել այդ խախտումները և հետապնդել նրանց, ովքեր ենթադրաբար կատարել են դրանք», - շեշտել է Գերագույն հանձնակատարը:

«Նման հարձակումները պետք է դադարեցվեն, դրանք իրականացնողներն ու պատվիրատուները պետք է պատասխանատվություն կրեն»,-ասել է նա:

Չնայած քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ թիրախավորելուց զերծ մնալու մասին ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հանգստյան օրերին հաղորդվում էին հրետանային հարվածների մասին բնակելի տարածքներում: Հաղորդվում է, որ հարված է հասցվել Ստեփանակերտի կենտրոնական շուկային: Իսկ ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Թարթառ քաղաքը, որը առաջնագծից մոտ 20 կմ հեռավորության վրա է, ենթարկվել է հրետանային հարվածների:

Ըստ Ադրբեջանի կառավարության, սեպտեմբերի վերջից ի վեր առնվազն 91 խաղաղ բնակիչ է զոհվել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: ՀՀ կառավարությունը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 45 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ Հայաստանում ՝ երկուսը: Մի քանի հարյուր մարդ վիրավորվել է, այդ թվում՝ տասնյակ երեխաներ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը չի կարողացել ինքնուրույն ստուգել այս թվերը:

Ադրբեջանի կառավարությունը նշել է, որ վերջին մարտերի արդյունքում մոտ 40,000 մարդ ժամանակավորապես տեղահանվել է: Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից շուրջ 90,000 էթնիկ հայեր լքել են ընթացիկ ռազմական գործողությունների գոտին և ներկայումս գտնվում են Հայաստանում:

Բաչելետը նաև լուրջ մտահոգություն է հայտնել հրապարակված տեսանյութերի վերաբերյալ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ռազմական հանցագործություններ: Չնայած բազմաթիվ կեղծ տեսանյութեր են շրջանառվում սոցցանցերում, լրատվամիջոցների կողմից իրականացվող խորը հետաքննությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական զորքերը մահապատժի են ենթարկում երկու գերեվարված հայերի՝ բացահայտելով համոզիչ և խորապես անհանգստացնող տեղեկատվություն:

Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, պաշտպանվող անձանց դիտավորյալ սպանությունը լուրջ խախտում է Ժնևի կոնվենցիաները, ուստի ռազմական հանցագործություն է: Միայն իրավասու դատարանը կարող է պարզել ՝ արդյոք կատարվել է ռազմական հանցագործություն կոնկրետ ատյանում, և որոշում կայացնել նման հարցի վերաբերյալ:

Ռազմական գործողությունների ֆոնին, COVID-19 դեպքերի թիվը շարունակում է աճել՝ նոյեմբերի 1-ին գրանցելով Հայաստանում 2441, իսկ Ադրբեջանում 1175 դեպք:

«Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին պահպանել խաղաղասիրությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու միջազգային մարդասիրական օրենսդրությամբ սահմանված իրենց պարտավորությունները», - ասել է Գերագույն հանձնակատարը: