Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Շախմատի ուշագրավ մրցաշար՝ հանուն Հայաստանի և Արցախի

Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ առաջիկա չորս շաբաթվա ընթացքում կանցկացվեն շախմատի բարեգործական մրցաշարեր, որից ստացված ողջ գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանին և Արցախին հումանիտար օգնություն ցույց տալու համար:

Ինչպես նշում է մրցաշարի կազմակերպիչներից Զարեհ Ասատրյանը, այն բաղկացած է լինելու չորս փուլից: Առաջինը կկայանա այսօր և կմեկնարկի Վաշինգտոնի ժամանակով ժամը 11:00-ին: Մրցաշարի 2-րդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, երրորդը՝ 14-ին, չորրորդը՝ 21-ին:    

Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այդ թվում գործող շախմատիստները: Յուրաքանչյուր մասնակից պետք է նվազագույնը վճարի 50 դոլար անդամավճար:

Այսօր նախատեսված մրցաշարում մասնակիցները շվեյցարական մրցակարգով կորոշեն հաղթողին, որը վերջում հնարավորություն կստանա խաղալու Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի հետ:

Հավելենք, որ մրցաշարին աջակցելու ցանկություն են հայտնել մեր անվանի շախմատիստ-շախմատիստուհիները՝ Գաբրիել Սարգսյանը, Մարիա Գևորգյանը, Լևոն Արոնյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը, Սիրանուշ Անդրեասյանը, Սուսաննա Գաբոյանը: