Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արսեն Թորոսյանը և նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, շրջել բժշկական կենտրոններով և ծանոթացել վիրավոր զինվորների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բուժման ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
 
Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների կարիքներով, ծանոթացել ծանր վիճակում գտնվող վիրավորների բուժման ընթացքին։ Նախարարը նախ այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ, տեղում ծանոթացել ծառայությունների կազմակերպմանը և համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները։
 
Այնուհետև Արսեն Թորոսյանը եղել է Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ ծավալված են և՛ վիրավորների և՛ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բաժանմունքներ։ Տեղում որոշում է կայացվել մեծացնել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունքը։ Նախարարը ծանոթացել է նաև Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքներին, որը չնայած պատերազմական իրավիճակին, ընթանում է լայն տեմպերով։
 
Գավառի բժշկական կենտրոն այցի ընթացքում որոշում է կայացվել բացել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունք, որի շուրջ արդեն իսկ սկսվել են ինտենսիվ աշխատանքներ։
 
Իսկ Սևանի բժշկական կենտրոնում խնդիր է դրվել մեծացնելու բաժանմունքի հագեցվածությունը, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ պացիենտների սպասարկել։
Նախարարը շնորհակալություն է հայտնել թե զինվորներին՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու և թե բուժանձնակազմերին՝ թիկունքում պայքարելու և կյանքեր փրկելու համար։