Բացել լրահոսը Փակել լրահոսը
123290202_1074928526297294_1912159633464623393_o
A A
Քաղաքականություն

Հայաստանի ՍԴ-ն և Վենետիկի հանձնաժողովը ավանդաբար ունեցել են գերազանց հարաբերություններ

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ջիաննի Բուքիքիոյի շնորհավորական ուղերձը
 
2020 թվականի հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիաննի Բուքիքիոն։
 
«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ նոր պաշտոնում՝ Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի սահմանադրական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը ավանդաբար ունեցել են գերազանց հարաբերություններ և Ձեր դատարանը մասնակցում է մեր «Սահմանադրական արդարադատության միասնական խորհրդի» աշխատանքներին», - իր ուղերձում մասնավորապես նշում է Ջիաննի Բուքիքիոն։
 
Իր պատասխան նամակում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։
 
«Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի սահմանադրական դատարանի վճռականությունը և ակնկալում եմ, որ մոտ ապագայում կկարողանանք որակապես նոր լիցք հաղորդել մեր երկկողմանի գործակցության օրակարգին՝ միտված ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու իրավունքի գերակայության երաշխավորմանը», - հավելել է ՍԴ նախագահը։
 
ՍԴ մամուլի ծառայություն