Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն (տեսանյութ)

Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
 
Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել:
 
Բացի դրանից, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում:
 
Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն:
 
Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ:
 
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից տեղաշարժեր և կուտակումներ կան, սակայն  իրավիճակը հանգիստ է, ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում նա զգուշացնում էր իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:

«Շարժեր կուտակումներ  ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց ընդհանրապես իրավիճակը հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը: