Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+messi
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» երկրորդ հաղթանակը, Մեսիի պատմական ռեկորդը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 2-րդ տուրի վերջին ութ հանդիպումները:

Կենտրոնական խաղում Իսպանիայի «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթեց Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսին»: Կատալոնցիների կազմում երկրորդ գոլը խփեց Լիոնել Մեսին: Այդպիսով, արգենտինացի հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց մրցաշարի խմբային փուլում հատել 70 գնդակի սահմանը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 6 միավորով գլխավորեց G խումբը: Նրան հաջորդում է «Յուվենթուսը»՝ 3:1, իսկ 3-4-րդ տեղերը մեկական միավորով կիսում են Կիևի «Դինամոն» ու հունգարական «Ֆերենցվարոշը», որոնք այս տուրում ոչ-ոքի խաղացին՝ 2:2:

Մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ նաև H խմբում հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդը», որը սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»: Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկ գրանցեց Մարկուս Ռեշֆորդը, որը 4 գնդակով սկսեց գլխավորել ռմբարկուների ցուցակը: 

Այս խմբում երկրորդ տեղ բարձրացավ Փարիզի «ՊՍԺ»-ն, որը Ստամբուլում 2:0 հաշվով վստահ հաղթեց Թուրքիայի չեմպիոն «Բաշաքշեհիրին»: Երկու գոլերն էլ խփեց թիմի նորեկ Մոյզե Քինը, որը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել անգլիական «Էվերտոնից»:

E խմբում այս տուրից հետո միանգամից երկու առաջատար հայտնվեցին: Չորսական միավոր են վաստակել Լոնդոնի «Չելսին» ու իսպանական «Սևիլյան»: Անգլիացիները ընթացիկ խաղում Կրասնոդարում 4:0 հաշվով ջախջախեցին տեղի համանուն թիմին, իսկ սևիլյացիները սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեցին ֆրանսիական «Ռենին»:

F խմբում այժմ նույնպես երկու առաջատար կա՝ հանձինս Հռոմի «Լացիոյի» և բելգիական «Բրյուգեի»: Երկու թիմերն այս տուրում իրար հետ ոչ-ոքի խաղացին՝ 1:1, և վաստակեցին 4-ական միավոր: Նրանց հաջորդում է Դորտմունդի «Բորուսիան», որը սեփական դաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին» և վաստակեց առաջին երեք միավորը:

Այդպիսով, չեմպիոնների լիգայի 2-րդ տուրից հետո 100 տոկոսանող արդյունք են ցույց տվել 5 թիմեր՝ «Բավարիան», «Մանչթեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Բարսելոնան»: Առայժմ միավոր չեն վաստակել չորս թիմեր՝ «Մարսելը», «Միդտյուլանդը», «Զենիթը» և «Բաշաքշեհիրը»: 32 մասնակիցներից գոլ բաց չեն թողել «Չելսին», «Լիվերպուլը» և «Սևիլյան», իսկ գոլ չեն խփել «Մարսելը», «Միդտյուլանդը» և «Բաշաքշեհիրը»:

   Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 3-ին և 4-ին: