Բացել լրահոսը Փակել լրահոսը

Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը

A A

Արցախի Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերին կոչ է անում հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու: Այս մասին ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում:

«Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ: ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու»,- ասված է հաղորդագրության մեջ: