Բացել լրահոսը Փակել լրահոսը
արման բաբաջանյան
A A
Պաշտոնական

Անթույլատրելի ու խստորեն դատապարտելի է պատերազմի ժամանակ գործող իշխանության դեմ ուղղված ցանկացած քայլ. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ուղիղ մեկ ամիս է՝ մենք գտնվում ենք Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում։ Ապրում ենք մեր նորագույն պատմության դժվարին ժամանակաշրջանը, որովհետև վտանգված է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ու ընհանրապես հայի լինելության հարցը։ Սա իրապես հայրենական պատերազմ է, մեր թշնամիների կողմից մեզ նետված է մարտահրավեր, որը չհաղթահարելու ու չհաղթելու տարբերակ մենք ուղղակի չուենենք։

Մենք պարտավոր ենք հաղթել՝ անկախ ամեն ինչից, անկախ պահի ազդեցության տակ ոմանց շրջանում տիրող հուսահատությունից ու անզորությունից, անկախ մեր ռեսուրսների սակավությունից ու անբավարարությունից, անկախ կամեցողների ու չարակամների կամքից։
Բայց այս մարտահրավերը հաղթահարելու ու մեզ պարտադրված պատերազմում հաղթանակելու համար մեզանից պահանջվում է աննախադեպ միասնություն ու համախմբվածություն՝ առաջին հերթին ու առավելապես պետության, պետական ինստիտուտների շուրջ։ Դա պահանջվում է անկախ անգամ այն հանգանքից, որ այդ ինստիտուտները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կարող են ռազմավարական կամ մարտավարական սխալներ գործել, որոնց հետ մենք կարող ենք համաձայն կամ անհամաձայն լինել։
Անկախ բոլոր այդ հանգամանքներից որևէ պարագայում մենք չպետք է թույլ տանք պատերազմի ընթացքում պետության, պետական ինստիտուտների դիրքերի դույզն ինչ թուլացում։ Իսկ պատերազմի ընթացքում պետության, իշխանության դեմ ուղղված ցանկացած քայլ օբյեկտիվորեն հենց այդպիսի նշանակություն ունի, ինչն ուղղակի հավասարազոր է դավաճանության։ Կան տասնյակ, հարյուրավոր հարցեր, նույնքան բացթողումներ ու թերություններ, որոնց վստահաբար մենք անդրադառնալու ենք պատերազմից հետո, անդրադառնալու ենք նաև իրավաքաղաքական պատասխանատավության տրամաբանության շրջանակներում։ Սակայն պատերազմը այդ հարցերին անդրադառնալու լավագույն ժամանակը չէ։
Անթույլատրելի ու խստորեն դատապարտելի է պատերազմի ժամանակ գործող իշխանության դեմ ուղղված ցանկացած քայլ, առավել ևս իշխանությունը փոխելու որևէ փորձ կամ ակնարկ իսկ։ Դա ուղղակի կործանարարար հետևանքներ կարող է ունենալ պատերազմի ընթացքի ու ելքի համար։ Հետևաբար, կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, անկախ իրենց քաղաքական հայացներից, անկախ իշխանության նկատմամամբ ունեցած վերաբերմունքից, ձեռնպահ մնալ պատերազմական այս փուլում իշխանության դեմ ուղղված որևէ գործողությունից, եթե անգամ դրան դիմելու դրդրապատճառները պայմամանավորված են օրհասական իրավիճակում երկրին իրենց պատկերացումներով օգտակար լինելու մղումով։
Վստահաբար պետությանը կարելի է և պետք է օգնել առանց իշխանության փոփոխության մասին մտածելու անգամ, որովհետև ռազմական դրության ժամանակ իշխանության փոփոխության մասին քննարկումն իսկ մեզ դատապարտելու է պարտության։
Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, այդ թվում նրանց, ում հետ մշտապես գտնվել եմ ամենասուր ընդդիմախոսության մեջ, կոչ եմ անում և հորդորում եմ՝ այս պահին մոռանալ բոլոր քաղաքական տարաձայնությունները, համակրանքներն ու հակակրանքները և անել առավելագույնը՝ ճակատին ու թիկունքին օգնելու համար։
Քաղաքականությունը խաղաղ ժամանակների գործունեություն է, որով զբաղվելու ժամանակ և անհրաժեշտություն բոլորս վստահաբար ունենալու ենք հաղթանակից հետո։
Մինչ այդ պետք է համախմվենք բանակի ու զինվորի, հրամանատարության ու երկրի ղեկարության շուրջ՝ պատերազմում հաղթելու ու քաղաքականությամբ զբավելու մեր իրավունքը վերադարձնելու համար»։