Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հայերի ձեռքով են արել, բայց գլուխը հեռու է. այս պլաններին խանգարում էին նա էլ, Վազգենն էլ». Կարեն Դեմիրճյանի այրի (տեսանյութ)

Կոմիտասի անվան պանթեոնում Կարեն Դեմիրճյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելու էր եկել նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, նաև՝ որդիները, թոռները։

«Ա1-ի հետ զրույցում տիկին Դեմիրճյանն անկեղծացավ՝ այս օրերին իրարարմերժ ու հակասող մտքեր են իրեն պատում․

«Մի կողմից մի հրեշավոր միտք է ծագում՝ ասում եմ՝ ինչ լավ է, որ գնաց, չտեսավ՝ իր սիրած Հայաստանը ինչ օրի է, բայց մյուս կողմից մերժում եմ այդ միտքը, ասում եմ՝ նա որ լիներ, կաներ ամեն ինչ, որ այս իրավիճակը չստեղծվեր»։

Տիկին Ռիման հիշում է՝ Կարեն Դեմիրճյանը կարողանում էր ինչ-որ հրաշքով լուծումներ գտնել այնտեղ, որտեղ թվում էր՝ լուծում չկա․

«Եթե, այնուամենայնիվ, անկախ իրենից զարգացումները գնային, նա, իհարկե, շատ մեծ ապրումներ կունենար, բայց նա գիտեր իրեն հավաքել դժվար պահերին, ինչքան էլ ծանր լիներ, ժողովրդին հույս  կներշնչեր, կասեր՝ հավաքենք մեզ, անկոտրում մնանք, ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք մեր տղաներին, մեր զավակներին, ամեն ինչ անենք, որ պատվով դուրս գանք այս վիճակից։ Նա պետք է լիներ»։

Տիկին Ռիման համոզմունք ունի՝ հիմա ավելի պարզ է՝ որտեղից  է գալիս սպանությունը․

«Մի փնտրեք ներսում, հայերի ձեռքով են արել, բայց գլուխը հեռու է, այս պլաններին խանգարում էին նա էլ, Վազգենն էլ»։

Կարեն Դեմիրճյանի այրին չի հավատում, որ Հոկտեմբերի 27-ի գործը կվերաբացվի, ասում է՝ դա շատ հմտորեն է արված, իսկ կատարողներին ուղղակի օգտագործել են։

Ինչ վերաբերում է այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակին, Ռիմա Դեմիրճյանն ասաց՝ հոգով, սրտով ցանկանում է միայն, որ հաղթենք․

«Ես տղաներին կասեմ՝ զավակներ ջան, դուք բոլորդ մեր հարազատ երեխաներն եք, մեր սրտերը ձեզ հետ են, միշտ հիշեք, որ թիկունքում ունեք հավատարիմ նվիրված և ձեզ հաղթանակ ցանկացող սրտեր»։