Զեկույց / 2-րդ մաս
Աջակցիր «Ա1+»-ինՆերկայացնում ենք «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը
հետընտրական գործընթացներին և մարտի 1-2-ի իրադարձություններին» զեկույցի մյուս հատվածը:
Դ. Հատուկ ուշադրության է արժանի մինչև արտակարգ դրության հայտարարումը պաշտպանության նախարարության ավտոտրանսպորտով զինվորական անձնակազմի տեղաշարժի պաշտոնական վարկածի ուսումնասիրությունը
Փաստահավաք խումբը ձեռք է բերել տասնյակ ապացույցներ, որոնք միանշանակ վկայում են, որ 2008թ. մարտի 1-ի առավոտյան, կեսօրին ու երեկոյան, մինչև արտակարգ դրության հայտարարումը, ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները զինվորական անձնակազմով տեղակայված են եղել Երևանի տարբեր մասերում։
Փաստահավաք խմբի 26.11.2008թ. հարցմանն ի պատասխան, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանը 18.12.2008թ. գրությամբ պատասխանել է. «Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից ելնելով... անհրաժեշտություն է առաջացել ներգրավել ոստիկանության լրացուցիչ ուժեր, որոնց տեղաբաշխումը օպերատիվորեն իրականացնելու նպատակով, ՀՀ Ոստիկանության պետ Հ. Հարությունյանի խնդրանքով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել են անձնակազմ տեղափոխելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ՝ իրենց վարորդներով»։
Փաստահավաք խմբի 15.12.2008թ. հարցմանն ի պատասխան, 30.12.2008թ. գրությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովը հաստատել է, որ մարտի 1-ին ՀՀ Ոստիկանության պետի բանավոր խնդրանքի հիման վրա, ՀՀ պաշտպանության նախարարի բանավոր կարգադրությամբ, ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներից 35 միավոր բեռնատար և 15 միավոր ավտոբուս է տրամադրվել ՀՀ Ոստիկանությանը։
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանին ուղղված իր 21.11.2008թ. գրությամբ պնդում է, որ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ՀՀ պաշտպանության նախարարության որևէ ստորաբաժանում չի մասնակցել. «ՀՀ նախագահի 01.03.2008թ. NՆՀ-35-ն հրամանագիրը արձակվելուց հետո, ըստ որի` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման և հաստատվել է հրահանգ արտակարգ դրության պայմաններում, բնակավայրերում տարվող պարեկապահակակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգի ու կանոնի հաստատումը, պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը և արտակարգ դրության պահանջների կատարումը»։
Այժմ, երբ ՀՀ կառավարության շենքի մոտ, Մելիք-Ադամյան փողոցի վրա, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց և մի շարք այլ վայրերում մարտի 1-ի կեսօրին և երեկոյան տեղակայված ՊՆ համարանիշներով ավտոմեքենաներն ու ՊՆ անձնակազմի առկայությունը հաստատող փաստերն անառարկելի են, իշխանությունները ինչպե՞ս պետք է հերքեին բանակային տեխնիկայի ու ստորաբաժանումների առկայության հանգամանքը։ «Հիմնավորումը» սա է. ՀՀ Ոստիկանությունը ավտոտրանսպորտ է խնդրել պաշտպանության նախարարությունից, նրանք էլ տրամադրել են (մարտի 1-ի առավոտյան)։ Իսկ բանակային ստորաբաժանումների անձնակազմի քողարկման խնդիրը ավելի դյուրին է, քանի որ նրանք նույնպես կրում են ներքին զորքերի զինծառայողների նման դաշտային համազգեստ։ Սակայն ՊՆ զինծառայողների դաշտային համազգեստի վրա առկա է ՊՆ-ի համապատասխան տարբերանշան, որն ակնհայտորեն երևում է բազմաթիվ տեսաերիզներում և լուսանկարների վրա։
Ինչ փաստերի վերլուծությունից ենք հանգում նման եզրակացության.
առաջին. ՀՀ ոստիկանապետը պաշտպանության նախարարից 50 միավոր (ըստ իրենց հայտնած թվերի) ավտոտեխնիկա է խնդրում բանավոր, այն էլ` մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո։
երկրորդ. Պաշտպանության նախարարը նույնպես բանավոր է հանձնարարում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին (սա փաստահավաք խմբում հարցաքննված, այդ ժամանակահատվածի նախարար Միքայել Հարությունյանի պնդումն է)։
երրորդ. Գլխավոր շտաբի պետ Ս.Օհանյանը ևս բանավոր հրամանով է լուծել խնդիրը, մինչդեռ ակնհայտ է, որ բանավոր հրամանով կամ հանձնարարականով հնարավոր չէր կարգավորել այդ քանակի տրանսպորտային միջոցների հատկացումը տարբեր զորամասերից ու զորամիավորումներից, այն էլ` տարբեր չափաքանակներով ու տեսականիով։
չորրորդ. Փաստահավաք խմբի մի շարք հարցումներին ՊՆ-ից ոչ մի որոշակի պատասխան չի տրվել, թե որ զորամասերից և ինչ քանակի ավտոտրանսպորտ է հատկացվել ոստիկանությանը։
հինգերորդ. Փաստահավաք խումբը հարցաքննել է մեկ տասնյակից ավելի ՆԶ սպաների ու զինվորների (երեք հիմնական զորամասերից), և նրանցից ոչ ոք չի հաստատել, թե իրենք կամ իրենց ստորաբաժանումները մարտի 1-ին օգտվել են ՊՆ ավտոտեխնիկայից։ Բոլորը միաբերան պնդել են, որ իրենց ստորաբաժանումները տեղափոխվել են հենց իրենց զորամասերի ավտոտեխնիկայով։
վեցերորդ. ՀՀ ոստիկանապետը, փաստահավաք խմբի 26.01.2009թ. հարցմանն ու դրան կից ուղարկված տեսաերիզներին ի պատասխան, հայտնել է, որ տեսաերիզում ՀՀ ՊՆ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Անդրեասյանի թիկունքում կանգնած զինվորական համազգեստով ու ինքնաձիգներով զինված մարդիկ կառավարության շենքի պահպանությունն ուժեղացնելու նպատակով Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀ Ոստիկանության ՆԶ 1033 զորամասի զինծառայողներն են, մինչդեռ թիվ 1033 զորամասի հրամանատար, գնդապետ Արսեն Գալստյանը, զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արմեն Անտոնյանը, նախկինում զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Շահինյանը Փաստահավաք խմբում հարցման ժամանակ հայտնել են, որ 1033 զորամասը այդ օրը Մելիք-Ադամյան փողոցում չի եղել։
յոթերորդ. ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը իր 18.11.2008թ. և 05.03.2009թ. գրություններով հերքել է Մելիք-Ադամյան փողոցում մարտի 1-ին գտնվող զինծառայողների ԱԱԾ-ին պատկանելությունը և Փաստահավաք խմբին խորհուրդ է տվել դիմել ՀՀ Ոստիկանություն։
Այսպիսով, մարտի 1-ի կեսօրին կառավարության հարակից Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված են եղել զինվորական ստորաբաժանում ու ՊՆ համարանիշներով առնվազն 6 ավտոմեքենա (ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Անդրեասյանն այս թիվն է հայտնել Փաստահավաք խմբի անդամների հարցերին ի պատասխան), և չկա որևէ գերատեսչություն, որն ընդունի ստորաբաժանման ենթակայությունը։
Ե. ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Արթուր Մաթևոսի Անդրեասյանի` մարտի 1-ին Մելիք-Ադամյան փողոցում հայտնվելու հանգամանքների ուսումնասիրությունը
Եթե վերը շարադրված փաստերին ավելացնենք նաև ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Անդրեասյանի` մարտի 1-ին Մելիք-Ադամյան փողոցում ինքնաձիգով զինվելու տեսաերիզի պաշտոնական մեկնաբանման խիստ հետաքրքրաշարժ դրվագները, կարծում ենք` գրեթե հարցականներ չեն մնա։
Չխորանալով ՊՆ ղեկավարության, ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ-ի հետ սույն զինծառայողի վերաբերյալ Փաստահավաք խմբի վարած գրագրության մանրամասների մեջ, փորձենք համառոտ ու ամփոփ արձանագրել, թե ինչ է բացահայտվել։
Ըստ պաշտոնական վարկածի, Արթուր Մաթևոսի Անդրեասյանը ՀՀ ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող վարորդ է և 2008թ. մարտի 1-ի առավոտյան իրեն ամրակցված Ուրալ-375/236 27-67 Տ ՊՆ համարանիշի ավտոմեքենայով գլխավորել է Երևան մտնող ավտոշարասյունը` մեքենայի ավագ, փոխգնդապետ Վահան Սեդրակյանի ուղեկցությամբ։ Առանց անձնակազմի շարասյունը գործուղված էր ՀՀ Ոստիկանության տրամադրության տակ։ Շարասյունը հասնում է Երևան մարտի 1-ին, ժամը 13.00-14.00 ժամանակահատվածում և տեղակայվում Մելիք-Ադամյան փողոցին հարող հրապարակում` Կառավարության շենքի հետնամասում։ Արթուր Անդրեասյանի ինքնաձիգով զինվելու, այնուհետև բաճկոնը վրայից հագնելու տեսաերիզում արտացոլված դրվագը պատճառաբանվում է հետևյալ կերպ. մեքենայի ավագ, փոխգնդապետ Վահան Սեդրակյանը, որին ամրակցված է եղել ինքնաձիգը, ինչ-որ անձնական կարիքի համար կարճ ժամանակով հեռացել է շարասյունից, և ինքնաձիգը ի պահ է տվել վարորդին։ Ինչպես նաև` մեքենայի ավագ փոխգնդապետից բացի, ավտոշարասյան ոչ մի վարորդ զինված չի եղել, Արթուր Անդրեասյանը` նույնպես։ Պաշտոնական վարկածը սա է։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովը, ի պատասխան փաստահավաք խմբի 18.12.2008թ. գրության, իր 30.12.2008թ. գրությամբ փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանին է ուղարկում Արթուր Մաթևոսի Անդրեասյանի ծառայողական քարտի պատճենը՝ անձնական գործից վերցված տեղեկատվությամբ, որի ուսումնասիրությունից պարզվում է, որ Արթուր Անդրեասյանը ոչ թե ՊՆ թիվ 84682 զորամասի պայմանագրային վարորդ է, այլ նշված զորամասի ԿՍ-19 2-րդ հրետանային մարտկոցի 1-ին դասակի հրանոթի նշանառու։ Ընդ որում, այդ պաշտոնին նշանակված է ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի 25.05.2007թ. հրամանով։ Ծառայողական քարտում այլ տվյալներ չկան։
Բնական է, որ այս տեղեկությունը փաստահավաք խմբում տարակուսանք առաջացրեց և հիմք տվեց մի քանի ենթադրությունների։ Ուստի ստեղծված անբարենպաստ իրավիճակից դուրս գալու ելք գտնելու իշխանությունների փորձերի արձագանքը չուշացավ։
13.01.2009թ., ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ի լրումն 30.12.2008թ. գրության, հայցելով փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանի ներողամտությունը նախկին տեղեկատվության ոչ ամբողջական լինելու կապակցությամբ, տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ 84682 զորամասի հրամանատար, գնդապետ Մ. Աբրահամյանի 28.12.2007թ. N20 հրամանով Արթուր Անդրեասյանի վրա է դրվել ԿՍ-19 հրետանային մարտկոցին պատկանող Ուրալ-375/236 ՊՆ 27-67 Տ համարանիշի ավտոմեքենայի շահագործումը` միաժամանակ դադարեցնելով նրա հիմնական պարտականությունների կատարումը, այսինքն` որպես նշանառու վերջինիս ծառայությունը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նույն գրությամբ պարզաբանում է, որ նշված հրամանը չէր կարող հիմք հանդիսանալ զինծառայողի ծառայողական քարտում նշագրում կատարելու համար, քանի որ քարտում նշագրում կատարվում է բացառապես ԶՈւ ԳՇ պետի հրամանով նշանակումների դեպքում։
Այս պարագայում առնվազն մի քանի հարց է ծագում.
առաջին. Զորամասի հրամանատարն իրավասու՞ է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով զինվորական պաշտոնի նշանակած մասնագետին իր հրամանով տեղափոխել այլ պաշտոնի։ "Ըստ գործող կարգի` ո'չ" - կասի ցանկացած զինվորական փորձագետ։
երկրորդ. Եթե նույնիսկ, ծառայողական հույժ անհրաժեշտությունից ելնելով, նման հրաման է արձակվել, ապա ինչու՞ չի ուղարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետին` հետին ամսաթվով վավերացնելու կամ ձևակերպելու համար։ Կամ` ինչու՞ այդ հրամանի մասին զորամասի հրամանատարը չի զեկուցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետին։ Միմիայն մեկ պատճառով. զորամասի հրամանատարը նման հրաման չի արձակել, դա կատարվել է նշանառու-հրաձիգ Արթուր Անդրեասյանին վարորդ ներկայացնելու միտումով` հետին ամսաթվով։
երրորդ. Արթուր Անդրեասյանն ունե՞ր վարորդի փոքրիշատե փորձառություն, որը հիմք կտար վստահելու նրան բանակում խիստ պատասխանատու ԿՍ-19 հրանոթը քարշակող մեքենան։ Նրա ծառայողական քարտից և փաստահավաք խմբում նրա պատասխաններից պարզվել է, որ նա երբեք վարորդ չի աշխատել։ Այս հանգամանքը ևս չափազանց կասկածելի է դարձնում նրան վարորդ նշանակելու հրամանի իսկությունը։
չորրորդ. Գուցե վարորդի պաշտոնն ավելի շատ է վարձատրվում կամ պայմանագրային վարորդի աշխատանքային-ծառայողական զբաղվածությունը թեթև՞ է։ Ոչ։ Փաստահավաք խմբում, ըստ Արթուր Անդրեասյանի հայտարարության, իր աշխատավարձը նվազել է։ Ավելին, լինելով Արմավիրի մարզի բնակիչ, վարորդի պաշտոնում կորցրել է նաև ամսական 2 շաբաթ մարտական հերթապահությունից հետո 2 շաբաթ տուն վերադառնալու և հանգստանալու իրավունքը, քանի որ պարտավոր է ամեն օր լինել Գեղարքունիքի մարզի Արդանիշ գյուղում, որտեղ տեղակայված է զորամասը։ Հարց. արդյո՞ք Արթուր Անդրեասյանը կցանկանար, որ իր կարգավիճակը փոխվեր։ Մեր զինվորական փորձագետների կարծիքով` ոչ, քանի որ զրկվել էր ոչ միայն ազատորեն Երևան կամ Էջմիածին գնալ-գալու հնարավորությունից, այլև վարելու էր ծանր բեռնատար ավտոմեքենա, որը նույնիսկ չէր կարող շահագործել իր հայեցողությամբ։
հինգերորդ. Իսկ թե ինչպես է փոխգնդապետ-ավագին ամրակցված ինքնաձիգը հայտնվել Արթուր Անդրեասյանի ուսին, զինծառայությունից քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր ոք միանշանակ կարող է հաստատել, որ հայկական բանակում բարձր կոչումով զինվորականը (այս դեպքում` փոխգնդապետ-մեքենայի ավագը), շարքային զինծառայողների ներկայության պարագայում ի'նքը չէր գնա ծխախոտ գնելու իր և իրեն ենթակա վարորդների համար (փաստահավաք խմբում Արթուր Անդրեասյանի պնդումն է), առավել ևս` իրեն ամրակցված ինքնաձիգը չէր վստահի շարքայինի։ Այսպիսով, այս վարկածը ևս չափազանց կասկածելի է։
վեցերորդ. Ի պատասխան Փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանի 10.01.2009թ. և ի լրումն իրենց 18.12.2008թ. գրությունների, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գ.Մհերյանը հայտնել է, որ ՀՀ ՊՆ թիվ 84682 զորամասի զինծառայող Արթուր Մաթևոսի Անդրեասյանը 2008թ. մարտի 1-ին, ժամը 13.00-ից մինչև մարտի 2-ի առավոտյան ժամը 6.00-ն, իր «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով գտնվել է ՀՀ ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար Ա. Գալստյանի տրամադրության տակ։ Հարց է ծագում` ինչո՞ւ։ Այնուհետև փոխոստիկանապետը շարունակում է. «Նշված ավտոմեքենան կայանված է եղել ՀՀ կառավարության շենքի մոտ, այնուհետև մարտի 2-ին, ժամը 6.00-ի սահմաններում Ա. Անդրեասյանը 1033 զորամասի զինծառայողներին տեղափոխել է իրենց զորամաս»։ Սա այն նույն զորամասն է, որի հրամանատարը, ինչպես արդեն նշել ենք, փաստահավաք խմբում հայտարարել է, որ այդ օրերին իրենք օգտվել են միմիայն իրենց զորամասի ավտոտրանսպորտից։
Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են։
Փաստահավաք խմբի լուծարումից հետո մենք զրկվեցինք արձանագրած փաստերը ճշտելու հնարավորությունից, իսկ Աժ ժամանակավոր հանձնաժողովին փաստահավաք խմբի փոխանցած ողջ տեղեկատվությունը, նաև այս դրվագով, լռության մատնվեց։ Իսկ հատուկ քննչական ծառայությունը բավարարվեց մակերեսային մեկ-երկու տվյալի հրապարակմամբ` չփորձելով նույնիսկ կասկածի տակ դնել մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի մասնակցության իշխանական վարկածը։
2-րդ բանակային զորամիավորման թիվ 84682 զորամասի պայմանագրային զինծառայող, ԿՍ-19 հրանոթի նշանառու Արթուր Մաթևոսի Անդրեասյանի` մարտի 1-2-ի իրադարձություններին որպես վարորդ մասնակցելու իշխանական վարկածի տապալումը ևս մեկ անվիճելի վկայություն է, որ բանակը, պաշտպանության նախարարի 23.02.2008թ. թիվ 0038 հրամանի և դեռևս մեզ անհայտ այլ հրամանների ու հրահանգների հիման վրա, ապօրինաբար, ոտնահարելով թե' ՀՀ Սահմանադրությունը, թե' գործող օրենքները, մարտի 1-ին, ավելին` մինչ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի ընդունումը, ներգրավվել է քաղաքական գործընթացներում։
Զ. Բանակը զինվորական ծանր տեխնիկայով և անմիջականորեն մասնակցել է 2008թ. հետընտրական գործընթացներին
Դրա մասին են վկայում մեր տրամադրության տակ գտնվող տեսանյութերը, որոնցում ֆիքսված են ծանր զինվորական տեխնիկայի առկայությունը և մուտքը Երևան` կրկին մինչև արտակարգ դրության հայտարարումը։
առաջին. Փաստահավաք խումբը Աժ ժամանակավոր հանձնաժողովին տեսանյութ է փոխանցվել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են մարտի 1-ին, ժամը 16.00-ին Ռազմական ոստիկանության 2 БРДМ-ներ կայանել ՀՀ կառավարության դիմաց` Հանրապետության հրապարակում.
երկրորդ. Աժ ժամանակավոր հանձնաժողովին է փոխանցվել նաև «Ռոյթեր» գործակալության նկարահանած տեսանյութը, ըստ որի ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ին, ժամը 20.00-ին Երևան քաղաք է մուտք գործում БМП-2 մարտական մեքենաների շարասյունը։ Զինվորական մասնագետների հաշվարկներով` այդ մեքենաները, իրենց մշտական տեղակայման վայրից՝ 3-րդ բանակային զորամիավորման «ԴՈՒՑ» կոչվող զորամասից, ժամը 20.00-ին Երևանի մատույցներ հասնելու համար պետք է իրենց շարժը սկսեին առնվազն 8-9 ժամ առաջ, այսինքն` մարտի 1-ի առավոտյան ժամը 11.00-12.00-ին։ БМП-2 մարտական մեքենաների համար ժամաքանակի նման հաշվարկը փաստահավաք խմբում հաստատել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։
Վկայակոչված փաստերը ի չիք են դարձնում ՀՀ իշխանությունների փորձերը` հերքելու բանակային ռազմական տեխնիկայի, ավտոտրանսպորտի ու անձնակազմի կիրառումը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում` մինչ արտակարգ դրության հայտարարումը։