Ադրբեջանի նախագահի հայտարարությունը զարմանք է առաջացնում. ՀՀ վարչապետի խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Ինտերֆաքսի հետ զրույցում։
Նա հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է՝ Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսևորելով մաքսիմալիստական մոտեցում:
«ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաև Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»,-ասել է Վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք, որ ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւն ասել է՝ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում զինադադարի նոր համաձայնագրի կնքմանը, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին։ Նա կրկին ընդգծել է՝ «կարգավորումը հիմնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա»: