Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրանուշ Խառատյան
A A
Քաղաքականություն

«Մինսկի խումբ խցկվեց հենց այդ ձևով «խաղաղություն բերելու»». Հ. Խառատյանը՝ Էրդողանի մասին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իր հարևանների դեմ ահաբեկչական վարձկանների լայն ցանց օգտագործող և փախստականների հոսքեր ստեղծող Էրդողանը «ազնիվ» բառն է օգտագործել: Այն իմաստով, որ ով աշխարհը ագրեսիվ թուրքերի այգի չի տեսնում, «ազնիվ չէ»: Մակրոնի հասցեին ասել է «Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատե՞լ եք: Ոչ: Միայն հայերին զենք եք ուղարկում և կարծում եք ձեր ուղարկած զենքով պետք է խաղաղություն կառուցեք: Չեք կարող կառուցել, որովհետև ազնիվ չեք»:
   

  Անշուշտ այնտեղ, որտեղ Թուրքիա կա, խաղաղություն դժվար է կառուցել: Դժվար է, բայց անհնար չէ: Հեռու չէ այն օրը, որ աշխարհը կհասկանա այս պարզ իրողությունը: Առնվազն մի անգամ՝ 1919-20թթ. հասկացել էր, բայց ակտիվորեն նեղուցներ օգտագործող անգլիական ճնշմամբ համապատասխան հետևություններ չի արել, արագ շահը գերադասել է դանդաղ, բայց հուսալի՝ խաղաղությունից բխող շահին: Հիմա կարծեք թե հասկանում է, որ Թուրքիայի ներկայությունը ոչ արագ, ոչ դանդաղ շահի շանսեր չի թողնում:
    

Այդ երկիրը մշտական ական է խաղաղության տակ: Ինչքա՞ն կարող են Թուրքիայի իսկ առաջացրած փախստականների համար վճարել Թուրքիային: Նորերը կառաջացի, նրանց դիմաց էլ միգրանտներից խուսափող Եվրոպայից փող կվերցնի և այդ թշվառներին որպես պատանդ կօգտագործի հենց վճարողների դեմ:
  

   Էրդողանի ազնվության վկայականները ցեղասպանական բեռը ժխտելն է, ահաբեկիչներն են, վարձկանները, փախստականները, արյունը, դեպորտացիաները... Շատ կուզենա աջ ու ձախ սումգայիթ սարքել և աշխարհի ազնվության չափանիշը սումգայիթով սահմանել: Մինսկի խումբ խցկվեց հենց այդ ձևով «խաղաղություն բերելու»: Դա, կարծեք, սկսում են հասկանալ»: