Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական ինքնագնաց հրետանային կայանքներ.ԱՀ ՊԲ

Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:

Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ:

Ստորև ներկայացնում ենք ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ եղած DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները:

.....................

Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ռազմինֆո» կայքի ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը:

«Տեխնիկան ստեղծվել էր Չեխիայում, ապա տեղափոխվել Սլովակիայի Տրենչին քաղաքի գործարան, այնտեղ արդիականացվել էր, հետո տեղափոխվել Իսրայել, իսկ այնտեղից արդեն զարտուղի ճանապարհով հայտնվել էր Ադրբեջանում: Չեխական իշխանությունները հերքում էին Ադրբեջանին զենքի վաճառքը, նշում էին, որ տեղյակ չեն, սակայն մատակարարումն ավարտվեց ու այս ապօրինի զենքի պատմությունն աննկատ մնաց մեծ հաշվով»,- ասաց Խաչիկյանը:

Տարբեր տվյալների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում այժմ մոտ 36 միավոր DANA հրետանային կայանքներ են առկա, հայտնի են նաև դրանց տեղակայման վայրերը: Ադրբեջանի ԶՈՒ-ն այդ կայանքներն օգտագործել է տարբեր զորվարժությունների ընթացքում, իսկ այս օրերին նաև Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում՝ Լեռնային Ղրաբաղի հարավային ուղղությամբ:

«Դրանք ինքնագնաց հրետանային կայանքներ են, 152մմ տրամաչափի: Անվավոր թափքի վրա են, ոչ թե թրթուրավոր, ինչը դարձնում է դրանց շատ ավելի մոբիլ: Կրակել, ապա տեղաշարժվելու համար շատ ավելի արագ են և տրամաբանական է, որ հենց այդ իքնանգնաց հրետանային համակարգերն Ադրբեջանը հարավային կողմում է օգտագործում, որովհետև ավելի նպաստավոր պայմաններ են հենց DANA-ների օգտագործման համար, ոչ թե Ադրբեջանի սպառազինությունում եղած այլ ինքնագնաց հրետանիների համար: Ինչպես Պաշտպանության բանակի լուսանկարում տեսնում ենք, այստեղ առնվազն երեք դիվիզիոն DANA-ների մասին է խոսքը»,- նշեց ռազմական փորձագետը:

Հայկ Խաչիկյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հրետանային կայանքները հեշտ է մեկ վայրից մյուսը տեղափոխելը, դրանց խոցումը դժվար է, սակայն, եթե ՊԲ-ին հաջողվի խոցել այդ տեխնիկան, ապա Ադրբեջանի բանակը կզրկվի իր գործողություններին աջակցող մոբիլ հրետանուց: