Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. փարիզյան մղջավանջ, լոնդոնյան «երաշտ», 17 տարեկան նորեկներ

Կայացան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի առաջին ութ խաղերը:

Ամենամեծ անակնկալը գրանցվեց Փարիզում, որտեղ տեղի «ՊՍԺ»-ն 1:2 հաշվով զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Տանտերերը չկարողացավ անգամ գոլ խփել, քանի որ միակ պատասխան գնդակն իր անվան դիմաց գրանցեց անգլիացիների խաղացողը՝ որպես ինքնագոլ: Նույն խմբում հանդես եկող Գերմանիայի «ՌԲ Լայպցիգը» սեփական դաշտում վստահ հաղթեց մրցաշարի նորեկ, թուրքական «Բաշաքշեհիրին»՝ 2:0: 

Անակնկալների թվին կարելի դասել նաև Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» հաղթանակը ռուսական «Զենիթի» նկատմամբ, նրա իսկ դաշտում՝ 2:1: Հյուրերը հաղթական գոլը խփել են մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին: Նույն խմբում զուգահեռ ընթացող խաղում Հռոմի «Լացիոն» իր հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային»՝ 3:1: Հյուրերի անգլիացի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը չեմպիոնների լիգայում անցկացրեց իր առաջին հանդիպումը 17 տարեկան 113 օրեկան հասակում և դարձավ ամենակրտսեր մասնակիցը մրցաշարի պատմության մեջ:

Իսկ ահա «Բարսելոնայում» հանդես եկած երկու 17 տարեկան ֆուտբոլիստները՝ Անսու Ֆատին ու Պեդրին, «Ֆերենցվարոշի» հետ տնային խաղում դարձան մեկական գոլի հեղինակ և թիմին օգնեցին խոշոր հաղթանակ տոնել՝ 5:1: Կատալոնցիների ավագ Լիոնել Մեսին 16-րդ անգամ անընդմեջ գոլ խփեց մրցաշարում: Դա նույնպես մրցաշարի նոր ռեկորդ է: Նույն խմբում հանդես եկող Իտալիայի «Յուվենթուսը» Կիևում վստահ հաղթեց տեղի «Դինամոյին»՝ 2:0:

E խմբում կայացած երկու հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի: Լոնդոնում տեղի «Չելսին» ու իսպանական «Սևիլյան» չկարողացան գոլ խփել՝ 0:0: Անգլիացիները առաջին անգամ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմփարդի ղեկավարությամբ անցկացրած 62 հանդիպումների ընթացքում: Զուգահեռ կայացած «Ռեն» - «Կրասնոդար» խաղում գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1:1: Ռուսական թիմը նշեց իր նորամուտը չեմպիոնների լիգայում:

Այսօր կկայանան 1-ին տուրի մնացած հանդիպումները: Առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել «Ռեալ» - «Շախտյոր», «Այաքս» - «Լիվերպուլ», «Բավարիա» - «Աթլետիկո», «Ինտեր» - «Բորուսիա» (Մ.) հանդիպումները: