Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պոմպեո
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանին աջակցելը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում հոկտեմբերի 14-ին պատասխանել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին հարցին

ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է.

«Չեմ ուզում ծավալվել այն երկխոսությունների մասին, որոնք դեռևս ընթացքի մեջ են: Այս կապակցությամբ ես հենց այսօր առավոտյան կարճ զրույց եմ ունեցել նախագահ Թրամփի հետ: Մենք հետեւում ենք զարգացումներին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Մենք միացել ենք մեր եվրոպացի գործընկերներին և աշխարհի երկրներին՝ հորդորելով դադարեցնել կրակը որպես հակամարտության կարգավորման սկիզբ:

Մենք հետևում ենք հաղորդումներին քաղաքացիական բնակչության շրջանում մահերի մասին: Արձանագրել ենք, թե ինչպես է Թուրքիան սկսել ուժեղացնել Ադրբեջանը: Մենք հորդորել ենք յուրաքանչյուր միջազգային խաղացողի զերծ մնալ ներգրավումից տարածաշրջանում և չշարունակել խնդիրներ ստեղծել: Եվ մենք աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ:

Օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը ՝ փորձելով հասնել այն արդյունքին, ըստ որի կդադարի կրակը և խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքի հիման վրա: Մեր դիրքրորոշումը բավականին պարզ է: Մենք կենտրոնացած ենք դրա վրա: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ ենք տարել, որոնք, իմ կարծիքով, մեծացնում են իմ նշած նպատակներին հասնելու հավանականությունը»: