Բացել լրահոսը Փակել լրահոսը
121260124_805998033569459_5915740671058176345_o
A A
Պաշտոնական

Արցախի ԱԳՆ հայտարարությունը

 
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ
 
Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար:
 
Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ միջազգային ահաբեկիչների հետ դաշինքով, Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին:
 
Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի և ամուր հիմք դնի 1994թ. մայիսի 12-ի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը լիակատար վերականգնելու համար:
 
Կարևոր ենք համարում, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով
 
համատեղ հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի բացառիկ դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդական գործունեության իրականացման մեջ:
 
Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիանները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը:
 
Վերահաստատում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, որ միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն և ցույց կտա միջազգային հանրության համար ուժի կիրառման անընդունելիությունը ՝ որպես հակամարտության լուծման միջոց։