ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը․ Պատերազմը շարունակվում է, եթե նույնիսկ համեմատաբար մեղմացել են կրակոցները
Հ.Յ.Դ. Բյուրոյի հայտարարությունը
Այսօր, ժամը 12։00-ից սկսած, ուժի մեջ է մտել մարդասիրական նպատակներով հրադադարը, Արցախ-ադրբեջանական շփման գիծի երկայնքով։ Հրադադարի վարչակարգի հարաչափերը (parameters) դեռ պիտի ճշտվեն։
Ռազմաճակատի երկայնքով այս արդեն խախտվող հրադադարը չի վերաբերվում, չի կարող վերաբերվել արտաքին ճակատում, միջազգային հանրության մոտ մեր աշխատանքներին, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ռազմական գործողություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը, Թուրքիան շարունակում է անվերապահ աջակցություն հայտնել Ադրբեջանին՝ նաեւ ռազմաճակատի ուղղությամբ։
Աշխարհով մեկ պետք է շարունակենք մեր բողոքի գործողություններն ու քաղաքական-հարաբերական աշխատանքները, շեշտելով՝
- Արցախի հարցի կարգավորման ամենաճիշտ, ամենաարդար եւ ամենաազդու միջոցը՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է.
- Ադրբեջանը պետք է իր կողմից վերահսկվող տարածքներից հեռացնի միջազգային ահաբեկչության վարձկաններին, որոնք այնտեղ են հասել Թուրքիայի նախաձեռնությամբ ու կարգադրությամբ.
- Թուրքիան որպես հակամարտության կողմ հանդես գալու իր բոլոր ջանքերի պատճառով պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից. Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն՝ ամբողջ տարածաշրջանի կայունությանը հարվածող իր ոտնձգությունների պատճառով։
Այս հրադադարը դեռ չի նշանակում, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի կողմից սանձազերծված պատերազմը ավարտված է. պատերազմը շարունակվում է, եթե նույնիսկ համեմատաբար մեղմացել են կրակոցները, ռմբակոծումներն ու հրետանակոծումները։
Քաղաքական-քարոզչական աշխատանքներին զուգահեռ, ամբողջ հայությունը պետք է շարունակի նույն թափով մասնակցել պատերազմի հետեւանքներին դիմակայելու համար՝ համահայկական եւ Հայաստան-Արցախի համար անհրաժեշտ մարդասիրական օժանդակության առաքումներին, որոնք համադրվում են պետական համապատասխան կառույցների հետ։
Այս պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու եւ հաղթանակն ամրագրելու պահը հիմա է։ Բոլորս՝ ի զեն, յուրաքանչյուրս՝ իր հնարավորությունների առավելագույնը տալով։
Հ.Յ.Դ. ԲՅՈՒՐՈ