Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Amnesty International-ը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կասեթային ռումբերի օգտագործման մասին (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Amnesty International անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում կասեթային ռումբեր կիրառելու մասին տեղեկությանր: Այն նշում է, որ ադրբեջանական զինուժը, ըստ երևույթին, կիրառել է դրանք՝  չկարողանալով հաստատել հայկական զինուժի կողմից դրանք կիրառելու մեղադրանքը

Amnesty International մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ, ըստ երևույթին, ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են կասեթային ռումբեր: Կազմակերպության ճգնաժամային արձագանքման փորձագետներին հաջողվել է տեղանշել նկարներում պատկերված Ստեփանակերտի բնակելի հատվածները: Նրանք հայտնաբերել են իսրայելյան արտադրության M095 DPICM կասեթային զինամթերք, որոնք, կազմակերպության համաձայն, ըստ երևույթին, արձակվել են ադրբեջանական զինուժի կողմից Ստեփանակերտի ուղղությամբ:

‘’Մենք կարողացանք հաստատել ադրբեջանական զինուժի կողմից կասեթային ռումբերի օգտագործումը: Մենք խորը ուսումնասիրել ենք հարցը՛՛,- ասում է Amnesty International ներկայացուցիչ Դենիել Բելսոնը:

Կազմակերպությունը ուսումնասիրել է նաև հայկական զինուժի կողմից կիրառված հրթիռները, մասնավորապես Գյանջա քաղաքի ուղղությամբ և եկել եզրակացության, որ դրանք եղել են Սմերչ տեսակի հրթիռներ:

‘’Մենք բավականին ժամանակ ծախսեցինք հակամարտության գոտուց ստացված տեսանյութերի և ապացույցների ուսումնասիրության վրա: Այս պահին մենք չենք կարող եզրակացնել, թե ինչ թիրախներ են թիրախավորվել և արդյոք կլաստերային ռումբեր ու զինամթերք է կիրառվել Գյանջայի հրթիռակոծման ժամանակ՛՛ ,- նշում է Բելսոնը:

Amnesty International-ը կոչ է անում բոլոր կողմերին լիովին հարգել մարդասիրական միջազգային իրավունքը եւ պաշտպանել քաղաքացիներին թշնամական գործողություններից: Բելսոնն ընդգծում է՝ կասեթային ռումբերի կիրառումն արգելված է 2010 թ.-ից ուժի մեջ մտած «Կլաստերային զինամթերքի դեմ կոնվենցիայով», որին միացել են աշխարհի ավելի քան 100 երկրներ տարբեր աշխարհամասերից: Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել կոնվենցիային, սակայն, ըստ Բելսոնի, դա չի ազատում նրանց պատասխանատվությունից: Կոնվենցիան միջազգային իրավունքի փաստաթուղթ է, որը կարգավորում է ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

‘’Այս պայմանագրին չմիանալը չի արտոնում որևէ զորախմբին կամ բանակային ստորաբաժանմանն այս զենքերը օգտագործելու և առաջ բերելու հարցում: Դրանք իրականում մեծ թվով վնաս են հասցնում խաղաղ բնակչությանը’’,- ասում է Բելսոնը:

Կասեթային ռումբը խառը կրակ արձակող ու տարբերակում չդնող զինատեսակ է, որը կիրառվելուց հետո տարիներով շարունակում է խնդիրներ հարուցել խաղաղ բնակչության շրջանում: Առաջնային խնդիր պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սրվող հակամարտության ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանելու գործը, հայտարարում է Amnesty International-ը` կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին միանալ Կասեթային զինատեսակների մասին պայմանագրին: