Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Վարձկանները առաջնագծում Ադրբեջանի համար խնդիրներ են առաջացրել․ Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

«Մենք դեռ էսկալացիայի փուլում ենք և էսկալացիան գնալով՝ ավելանում է, պարզապես այն պլանները, որ դրել էր Ադրբեջանը՝ ձախողվեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց արևելագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախի վրա Ադրբեջանի հարձակումներին։

Արևելագետը գտնում է, որ Սիրիայի հյուսիսից Ադրբեջան բերված վարձկաններն առաջնագծում Ադրբեջանի համար խնդիրներ են առաջացրել՝ նրանք լավ չեն կռվում։ Նրա ներկայացմամբ՝ Թուրքիան հավաքագրել էր ռազմական գործողությունների փորձ ունեցող լավագույն մարտիկներին, որոնք աչքի են ընկել թե Սիրիայում, թե Լիբիայում, բայց նրանք տապալվեցին։

«Արդեն 50 դիակ տեղափոխել են Սիրիա, բայց էլի կան, որ չգիտենք։ Նրանք տապալվեցին։ Եվ հույսը, որ կապել էին վարձկանների հետ, չաշխատեց։ Հայկական զինուժը ապացուցեց, որ կարող է արժանի հակահարված տալ»,- ասում է Ս․Գրիգորյանը։

Վերջինս նաև որոշակի կապ է տեսնում հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այն հայտարարության միջև, թե ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր գրոհայիններ Մերձավոր Արևելքից տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

«Կապն ակնհայտ է։ Այսինքն՝ մենք ուշադիր ենք, մենք գիտենք, որ այս ամբողջի հետևում կա կոնկրետ կառույցներ ու պետություններ»,- հավելում է Ս․Գրիգորյանը։

Այնուամենայնիվ, արևելագետը ՌԴ-ից հնչող հայտարարություններում դեռ պատերազմը կանգնեցնելու կտրուկ քայլ չի տեսնում։

«Բայց որքան հակամարտությունը շարունակվի, վտանգը, որ այլ երկրներ են փորձում ներքաշվել՝ ազդելով հակամարտության վրա՝ պետք է  Մոսկվային սթափեցնի»,- եզրափակում է Ս․ Գրիգորյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում